Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/235

Այս էջը հաստատված է

ՊԱՏՃԱՌԸ

Կայացավ Թիֆլիսի Մողնու եկեղեցու նոր ընտրությունը։ Ընտրված են դարձյալ նույն պատվիրակները։ Ժողովը եղավ միանգամայն օրինավոր, և ոչ մի բողոք։

Բայց ինչո՞ւ համար էր էնքան աղմուկն ու արենխառնությունը։ Ի՞նչ էին ուզում բողոքավորները։ Նրանք հոխորտում էին, թե մեզ հետ դուրս եկավ ջախջախիչ մեծամասնությունը—75 հոգի, ընտրությունը բեկանել տվին ու պատրաստություններից հետո վերադարձան 49—52 հոգով։ Նրանք, որ չէին կարողանում տանել 56 ընտրող ձայնը, ստիպված եղան համարել 97։ Նրանք, որ կեղծիք էին հրատարակում քահանաներից մեկի ծխական ցուցակը, հարկադրված էին ընդունելու նրա օրինավորությունը և ականջ դնելու անուն-անուն կարդալու։ Նրանք, որ զանազան սուտ ու շինծու պատճառներ էին մեջբերում գաղտնի քվեարկության առաջարկը չընդունելու, ստիպված եղան լսելու հենց իրենց հետ հեռացածների բերանից, թե միայն ծափահարություններն էին, որ իրենց վրդովեցին ու առիթ եղան հեռանալուն։ Միաժամանակ էս ընտրությունը դարձյալ երևան հանեց մեր հոգևոր իշխանության ապիկարությունը, որ նույնիսկ իրավաբանների օգնությամբ էլ չի կարողանում ջոկել իրավն ու անիրավը, օրինավորն ու ապօրինին, և մինչև օրս դեռ չի էլ կարողացել գոնե կանոնավոր ծխական ցուցակներ շինել ու չտանջել ժողովրդին։

Բայց էս և սրա հետ մյուս ընտրությունները գալիս են մի ավելորդ անգամ էլ հիշեցնելու մի այլ նշանավոր երևույթ՝ որ անդարձ մեռած, պատմության բաժինն է դառած «Մշակն» ու իր հմայքը։ Կավելացնենք. նա նոր չի մեռած, այլ շատ վաղուց, Արծրունու հետ։ Նրանից հետո ինչ որ եղած է, ոչ մի գաղափարական կապ չի ունեցած հնի հետ և ամենալուրջ կապերը համարվել են նույն հին շրիֆտով պահած «Մշակ» վերնագիրը, «հիմնադիր Գրիգոր Արծրունի» բառերը թերթի ճակատին, Արծրունու թառամած պսակները, որ պահում են ու ցույց են տալի և խմբագրատանը կախած