Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/236

Այս էջը հաստատված է

հանգ<ուցյալ> Արիստակես եպիսկոպոսի պատկերը, որին հարգում էր Արծրունին։ Բայց դրանք, էդ բոլոր իրական ապացույցները այսուհետև քիչ են հասկացող մարդկանց աչքում՝ «Մշակի» նոր վարիչներին Արծրունու օրինավոր ժառանգները հաշվելու և թույլ տալու, որ միշտ օգտվեն նրա անվան հմայքից։ Եվ ահա միշտ նորանոր ձախորդ դեպքեր են գալի էդ հասկացնելու և շատերն են հասկանում, միայն իրենք են, որ չեն հասկանում կամ չհասկանալ են ձևացնում։ Նրանք իրենց անհաջողությունները շարունակ բացատրում են իրենցից դուրս հանգամանքներով․ մի օր, թե կուսակցություններ կան, նրանք են փչացնում, մյուս անգամ, թե ժամանակն է վատ, երրորդ օրը, թե էս ինչ դպրոցի հոգաբարձուներն էին դավեր սարքել ու գրգռել իրենց դեմ, կամ թե չէ աշակերտները սրիկայացել են, նրանից է, մինչև անգամ «շոգն» սկսեցին մեղադրել, ինչպես պ. Քալանթարն արավ իր՝ ընտրությունների մասին արած խորհրդածության մեջ։

Եվ էս մարդիկ, որ անվերջ սիրում են խոսել ուրիշների վախճանի մասին կամ էս ու էն գործի ապօրինությունից ու կեղծիքից, մինչև օրս չուզեցին կամ գուցե չկարողացան հասկանալ, թե էն, ինչի անունով իրենք հոխորտում են, վաղուց է մեռել, իսկ իրենք ու իրենց արածը միայն կեղծիք են, ու որպես գաղափարական ժառանգություն՝ ապօրինի։ Ահա սիրված չլինելու և անհաջողությունների իսկական պատճառը։ Եվ էս զգացմունքն ու միտքը ամեն տեսակ մարդկանց միացնում ու հանում է նրանց դեմ ամեն տեղ, նույնիսկ էն տեսակ տեղեր, ուր չեն սպասում։ Եվ փոխանակ լուրջ մտածելու և իրենց մեջ որոնելու էս ամենի գաղտնիքը, սովորություն են դարձրել ժողովրդին մոլորեցնել՝ շարունակ գոռալով թայֆա կա մեր դեմ և դնել չակերտների մեջ։

Ո՛չ, դուք եք ձեր դեմ, պարոններ, և ձեր բոլոր ձախորդությունների պատճառը ամփոփված է ձեր մեջ։