Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/238

Այս էջը հաստատված է

և դուք, որ ոչ մի բանով նման չեք նրան, հասարակ կեղծարարներ եք։

Սակայն Հ. Ա. խոսքի տակ մնացողը չի, և ահա որպես «Մշակի» գոյության ապացույցներ առաջ է բերում Խ. Մալումյանին, Լեոյին և Ա. Ահարոնյանին։ Շատ լավ, թող էդպես լինի և համաձայն ենք էս շատ տիպիկ ժուրնալիստի հետ, բայց էն ժամանակ էլ էսպես հարց կտանք.— Հարգելի պարոն, եթե սրանք են «Մշակը», այլևս դուք ի՞նչ եք. չէ՞ որ սրանք ոտով գլխով հակառակ ու հեռու են ձեզանից։

Միշտ էսպես են ծուռը մարդիկ․ նրանց բերած փաստերն էլ միշտ դառնում են իրենց դեմ։

Հիմի հին առակը լսենք։

Իրեն, Հ. Ա.-ի դեմ խոսում են, իր վատությունն են երեսին բռնում, իսկ նա սովորական ձևով դուրս է բերում Արծրունու ուրվականը, նրա պայքարը մեղվականների և ուրիշների հետ։ Նրան կենդանի ժամանակ խաչում էին… նրա հետ էլ էսպես էին վարվում… այժմ մենք… «Մշակը»…

Ե՛վ խեղճ, և՛ ծիծաղելի, և՛ զզվելի։ Ես ճանաչում էի մի պարոնի, որ չգիտեմ ինչպես, ձեռք էր գցել հանգ<ուցյալ> Ադամյանի գլխարկը և դարձել էր շատ հայտնի մարդ հանգուցյալի գլխարկով։ Բայց նա էնքան բարեխիղճ մարդ էր, որ չէր շահագործում նշանավոր գլխարկը, այլ միայն հպարտանում էր նրանով։ Իսկ էս մարդը, որ ձեռք է գցել Արծրունու գլխարկը, ոչ մի բարեխղճություն չունի և շահագործելով հանեց թե՛ նրա թերթի, թե՛ նրա հարգողների հոգին։

Վերջապես ե՞րբ պետք է հանգուցյալի պատկանելիքները տարվեն թանգարան, որ էդ մարդիկ իրենք էլ հանգստանան, ուրիշներին էլ թողեն հանգիստ։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Մեր թերթի էջերում դադարեցնում ենք Հովնանյան դպրոցի հոգաբարձության և պ. Ստ. Մալխասյանի դեմ տեղացող բողոքների տպագրությունը։ Եղած բողոքներն էլ բավական էին։