Պայծառ չէր և Հովնանյան դպրոցի ուսուցչական խմբի պատկերը իր և առհասարակ ուսուցչի դատի ժամանակ, և թերևս նրանց հոգեբանության բանալին գտնենք պ. Ա. Աբեղյանի «24 դիակների» տրագեդիայի մեջ, որ ցույց է տալիս, թե ինչքան է սարսափում հայ ուսուցիչը «ազատ» համարվելու վտանգի առաջ։
Մի քիչ դենը, նորընտիր տեսուչ պ. Ստ. Մալխասյանը իր առաքինությունները թվելով, բարձրաձայն փառք է տալի աստծուն, որ ինքը էս մաքսավորի — Ա. Աբեղյանի նման չի («Հորիզոն, № 133)։ Անկասկած ինչքան տգեղ է մեր հայկաբանի էս փարիսեցու պոզան, նույնքան անմիտ է և փառաբանությունը։
Նա սխալվում է, կարծելով՝ թե աստված միայն լսում է և կարող է խաբվել բարձրաձայն փառաբանությունից։ Ո՛չ, նա աչք էլ ունի, էն էլ ամենատես։
Փոքրացնում են գործն ու հասցնում մինչև իրենց առաքինությունների պատմությունը։
Նույնիսկ բողոքողներից մեծ մասը մինչդեռ բողոքում են միայն Հովնանյան դպրոցի դեպքի համար, միաժամանակ տեղեկություններ են տալիս, թե իրենց ուսուցչական խմբերն էլ արձակված են նույն ճամփով։ Եվ ահա տեսնում եք ամեն տեղ նույնը, նույնը, նույնը։
Լայն, պարոններ, լայն։ Լայն է խնդիրը ու ցավը ամենուրեք։ Լայն հայացքով պետք է նայել ու վերաբերվել շատ լուրջ ու անկողմնապահ։
Թող ետ քաշվեն բովոր աղմկողներն ու իրենց մանր հաշիվներով ու քմահաճույքներով հասարակությունը շփոթողները։
Ահա Թիֆլիսում Հայոց ուսուցչական միությունը անում է իր ընդհանոււր ժողովները, թող առաջ անցնի խոսելու հայ ուսուցչի վիճակի մասին ու պաշտպանի նրա դատը։
Ահա Թիֆլիս է ժամանում նորին վեհափառություն ամենայն հայոց կաթողիկոսը, որ հանդիսանում է համայն հայոց ուսումնասերների տերն ու տնօրենը, խնդիրը ամենակողմանի, լայն ու անաչառ պարզելուց հետո, նա կարող կլինի մի կարգ հաստատելու և պատշաճավոր բարձրության