Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/242

Այս էջը հաստատված է

կանոն հրատարակել, որ հայոց եկեղեցական-ծխական և հոգևոր դպրոցներում ուղղագրությունը լինի հինը, ավանդականը, և գործադրվեն միայն այն դասագրքերը, որոնք գրված կլինեն հին ուղղագրությամբ»։ Եվ էս տնօրինությունը պետք է լինի մինչև ուսումնական տարին։

Ահա մի դիտավորություն, որ և՛ ուրախալի է, և՛ տարօրինակ միաժամանակ։

Ուրախալի է և ցանկալի, որ հայոց ուսումնարաններում ընդունված գրքերում և առհասարակ հայոց գրականության մեջ լինի մի ուղղագրություն, բայց տարօրինակ է ու ցավալի, որ դիտավորություն կա էդքան լուրջ մի գործ կարգադրել մի հապճեպ տնօրինությունով։ Ուղղագրությունը գիտություն է և նրա դեմ կարելի է դուրս գալ կամ նրան փոխել միայն գիտությունով։ Եվ ուրիշ բան էր, եթե Էջմիածինը գիտնական ու գրական մարդկանցից կազմված մի կաճառի ձեռքով երկար քննելուց հետո աներ էդ տեսակ կարգադրություն։ Սակայն այժմ նախ չկա ձեռնհաս ու հեղինակավոր մի մարմին, երկրորդ շատ է կարճ ժամանակը մինչև ուսումնական տարին...

Էն էլ պետք է լավ իմանալ և ունենալ ի նկատի, որ, եթե գրողները գրում են էս կամ էն ձևով, ամենքն էլ հենց ջգրու կամ որոշ միտումով չեն անում, ինչպես, իրենց ասելով, անում են վ—ականները, այլ մարդիկ տարիներով մտածել են ու եկել մի եզրակացության։ Նրանց դեմ ելնողն էլ պետք է երկար մտածի։

Կրկնում ենք. մենք շատ ու շատ ցանկալի ենք համարում ուղղագրության միօրինակությունը մեր ուսումնարաններում, բայց չենք ուզում հավատալ, որ Էջմիածինը, ուր գիտության տեր մարդիկ կան հավաքված, աներ էդ տեսակ մի քայլ և, առանց խնդիրը լուրջ քննելու, հրամանով դուրս գար գիտության ու գրականության դեմ, թեկուզ հանուն դպրոցների շահերի։ Հենց դպրոցների շահն ամենից առաջ պահանջում է, որ գիտության ու գրականության դեմ հրամաններ