Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/243

Այս էջը հաստատված է

չարձակվեն միայն, այլ լինեն ակադեմիական լրջությամբ գիտության վրա հիմնված ուղիղ կարգադրություններ։

ՎՌԱԶ ՊԱՏԱՍԽԱՆ Պ<ԱՐՈՆ> Ա. ՄԵՂՐՅԱՆԻՆ

Պ<արոն> Մեղրյան, Ձեր «Ուշացած պատասխանի» ու նրանից առաջ տպած հոդվածի միտքն էն է, թե հայ գրողները պետք է մաքուր հայերեն գրեն։ Շատ ուշացած ու շատ հասարակ մի խելոք խոսք։ Ձեզանից շատ վաղ բոլոր հայ գրողները մտածել են, որ մաքուր հայերեն գրեն։ Բայց ի՞նչ կնշանակի մաքուր հայերեն, ահա ինդիրը։

Ձեր առաջն են բոլոր հայ գրողները. ո՞րի լեզուն եք համարում մաքուր հայերեն. ցույց տվեք ու հրամայեցեք, որ նրա նման գրեն։ Իհարկե շատ միամիտ կլինիք, եթե ցույց տաք։ Մեր լեզուն դեռ կազմակերպվելու շրջանի մեջն է, և ամեն մի գրող ընտրում է իրեն համար մի ճանապարհ։ Նրանց առջևն են և՛ եղած գրական լեզուն, և՛ գրաբարը, և՛ բարբառները, և օտար լեզուները։

Ես էն կարծիքին եմ, էսպես էլ գրել եմ իմ հոդվածում ու հենց իմ բառերն էլ հանել եք Ձեր պատասխանի մեջ,— ր գրողը իր լեզուն հարստացնելու, կազմելու համար ազատ է օգտվելու էդ բոլոր աղբյուրներից, միայն թե պետք է իմանա շնորհքով, խելացի օգտվել և տեղը գործ ածել։

Իսկ Դուք…

Ա՛յ տեսեք ինչ եք ասում Դուք։ Դուք ասում եք պետք է գրել մաքուր հայերեն, այսինքն, հայերեն լեզվի միջից դուրս վռնդել թուրքերեն, թաթարերեն, ռուսերեն և այլ օտար բառերը և նմուշի համար մի շարք թուրք-թաթարական բառ եք մեջ բերում, ցույց, տալու, թե ինչ տեսակ բառերից պիտի զգուշանանք ու պաշտպան ենք հայոց լեզվի մաքրությունը, օրինակ՝ ղարիբ, ղուրբան, դարդ, մարալ, մուշտարի, յար, խաթր, զիլ, մուրազ, նազուք, ջան, ջեյրան և այլն։

Ձեզ ասում են, թուրք-թաթարականը թողնենք մի առ ժամանակ, դա Ձեզ շատ է խրտնեցնում, եվրոպական բառեր