կան, որ միջազգային են և բոլոր ազգերը գործ են ածում, օրինակ՝ ինտելիգենտ, կուլտուրա, լեգենդ, պոեմ, սոնետ և այլն։ Ի՞նչ եք կարծում, մենք էլ գործ ածենք, թե չէ։
Հիմի տեսեք թե Դուք ինձ ինչ եք պատասխանում. լավ ականջ դրեք։ Ասում եք. «Ի՞նչ եք ուզում ասել դրանով, որ ինտելիգենտ գործ ածողը իրավունք ունի և դա՜րդ գործ ածելու»։
Այո՛, հենց էդ եմ ուզում ասել և լավ տեղն եմ բռնել։ Եվ ահա Դուք շարունակում եք՝ ավելի խորը խրվելու համար․
«Սարեր-ձորեր տարբերություն կա. առաջին դեպքում (երբ գործ են ածում դարդ, ջան, չոլ) մենք գործ ունենք զուտ տեղական օտար բառերի հետ, որոնց հայերենը կա, իսկ երկրորդ դեպքում՝ բառերի, որոնք միջազգային բնավորություն են կրում և որոնց համազոր հայերենը չկա, բառեր, որ անխտիր գործ են ածում բոլոր եվրոպական քաղաքակիրթ ազգերը»։ Եվ ամփոփում եք.
«Ես հակառակ չեմ եվրոպական միջազգային բառերի գործածությանը։ Այլ խնդիր է սակայն, երբ խոսքը ժողովրդական բարբառներից օգտվելուն է գալիս»։
Ահա՝ էս է Ձեր հոդվածների միտքը և մեր տարաձայնության հիմնական պատճառը։ Մնացածը ինչ որ պատմում եք, հա՛յ Գամառ-Քաթիպան ծաղրել է բարբառները, նոր-նախիջևանցիք էսպես են խոսում, երևանցիք էսպես... Դրանք բոլորը դատարկ բաներ են և մի գրող մարդու առջև պատմելու անարժան։ Նստել եք, քրդի աղջկանը լոլո եք սովորցնում։
Էականին եկեք։
Ուրեմն Դուք դեմ չեք եվրոպական միջազգային բառերի գործածությանը։
Շատ ենք ուրախ։
Ինչո՞ւ չեք դեմ։
Ասում եք երկու պատճառով. առաջինը, որովհետև նրանց համազոր հայերեն չկա, երկրորդն էլ եվրոպական բոլոր քաղաքակիրթ ազգերն անխտիր գործ են ածում։
Դե հիմի կանգնեցեք։