Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/249

Այս էջը հաստատված է

Այդպես են և այն մարդիկ, որոնք, թե ինչ պատճառով այդ ջոկ խնդիր է, ատում են հայ ժողովրդին։ Նրանց համար հերիք է ոչ թե մի որևէ աշխարհագրական նախշ, այլ մինչև անգամ միմիայն նրա սուտ լուրը, որ տարիներով հարայ տան ամբողջ Ռուսաստանովը մին, թե հայերը մեծ Հայաստան են ծրագրում մինչև Ռոստով։ Եվ հեշտ բան չի այլևս նրանց լռեցնելը, մինչև անհիմն աղմուկն ու նրա սարսափը կամաց-կամաց չհնանան ու ընկնեն նույնիսկ իրենց մտքից։

Բայց, ի մեծ դժբախտություն հայոց ազգի, մինչև մեկի մոռացվելը մեկ էլ տեսնում ես մի ուրիշը դուրս եկավ։ Եվ ահա այժմ էլ դուրս է եկել, որ «հայ ժողովուրդը հեղափոխական է»։

Պետական Դումայի անդամ Զամսլովսկին, սենատի առջևի Բաքվի ոստիկանապետ Դեմենսկուն ու մյուս ոստիկանական պաշտոնյաներին պաշտպանելիս, հայտարարում է, թե «հայերը հեղափոխականներ են», նրա համար էլ «պետությանը հավատարիմ թուրքերը նրանց կոտորել են»...

Պուրիշկևիչն էլ մյուս կողմից հեռագրով սպառնում է Փոխարքայի դիվանատան կառավարիչ Պետերսոնին, որ պաշտպանություն է ցույց տալի «հեղափոխական հայ ժողովրդին»։

Հեղափոխակա՜ն հայ ժողովուրդ...

Եվ հայ ժողովուրդը այժմ էլ այս ձևով դարձավ բերանի մաստակ։

Այլևս դժվար է այդ մարդկանց հարցնելը, թե ամեն մի ժողովրդի մեջ կան ու կլինեն հեղափոխական տարրեր ու կազմակերպություններ, բայց մի՞թե ամբողջ աշխարհքում կա կամ կարող է լինել մի հեղափոխական ժողովուրդ։

Նրանց պատասխանը պատրաստ է.

— Հայ ժողովուրդը հեղափոխական է։

Այլևս անկարելի է հասկացնելը, թե եթե կա մի ժողովուրդ, որ հեղափոխական չի և լինելու էլ իսկի տրամադրություն ու հնար չունի, այդ հենց ինքը հայ ժողովուրդն է, որ կա։ Բերեք այդ ժողովրդի իրականությունը, կյանքի պատմությունը, ապացուցեք, ցույց տվեք։ Միևնույն է նրանց համար։— Հայ ժողովուրդը հեղափոխական է։