են ժողովների ու հանձնաժողովների քննության առարկա, միշտ մնում են խեղճ ու խառնակ գրության մեջ։ Անհրաժեշտ է ուսումնական ու տնտեսական մասին հմուտ մարդկանցից կազմված թեմական խորհուրդ, որ մի կարգ հաստատի, արժանավոր տեսուչների ձեռքով հոգա ուսումնարանների բարեկարգությունը և աչալուրջ հսկի թեմի եկամուտների վրա։ Նախորդ թեմական խորհուրդը, որ չկարողացավ ցանկալի գործունեություն ունենալ, անշուշտ ունի իր հարգելի պատճառները, նա չուներ նույնիսկ իր ձեռքին վեհափառ կաթողիկոսի այն կոնդակը, որով գալիս է նորը։
Ինչ վերաբերում է Ներսիսյան դպրոցի հոգաբարձությանը, նրա դեմ խոսք չունեն ասելու մինչև անգամ հակառակորդները։
Հետևաբար կարելի է հուսալ, որ թեմական ժողովի նիստերը կանցնեն առանց անախորժ աղմուկների, որոնք միշտ խեղդում ու խլացնում են մեր հասարակական գործերը։
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵԶԱՆՈՒՄ
Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ազգագրությունը բռնում է առաջնակարգ կարևոր տեղ։ Մինչև կյանքի ու ժամանակների խորքը թափանցելով, ինչքան որ կարող է թափանցել մարդկային միտքն ու գիտության լույսը, նա ապացույցներ ու եզրակացություններ է դուրս բերում մարդաբանությունից, լեզվաբանությունից, հնագիտությունից, աշխարհագր<ական> պայմաններից և այդպիսով ցեղերի ու ժողովուրդների անցած կյանքի պատկերը հանում մեջտեղ իրենց ամեն առանձնահատկություններով, այլև խնամքով հավաքում է իր օրերի ազգագրական նյութերը, որ կարող էին ծածկվել, կորչել հեղհեղուկ ժամանակի ալիքների տակ, ու այդ բոլորն ամբարում է, պահում թանգարանների ու ազգագրական գրվածքների մեջ։
Մեր ազգը, որ աշխարհքի ու Արևելքի ամենահին ազգերից մինն է և ազգագրության տեսակետից հանդիսանում է վերին աստիճանի հետաքրքրական մի աղբյուր ուումնասիրության,