Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/258

Այս էջը հաստատված է

Այս զարմանքն էլ մենք գտնում ենք միանգամայն զարմանալի։ Ո՞րտեղ է ընդունված և ինչո՞ւ անպատճառ թատրոնները պետք է բացվեն նոր պիեսով։ Այս, անշուշտ, լավ է իմացել և թատրոնի վարչությունը, որ սեզոնը բաց է անում ծանոթ պիեսով, չնայելով իր ձեռքին ունի երեք նոր պիես՝ Շիրվանզադեի «Արմենուհին», Մ. Գևորգյանի «Փառանձեմը» և Ս. Թառայանի «Սոկրատեսը»։

Ողջունելով Թիֆլիսի հայոց թատրոնի բացումը, մենք սրտագին կցանկանայինք, որ հայ հասարակությունը գնահատեր ու պաշտպաներ իր մայրենի բեմը, իր դրամատուրգներին ու դերասաններին, այսպիսով նրանց հնարավորություն տալով ավելի ուժեղանալու և իրեն համար էլ իրավունք ձեռք բերեր ավելի խստապահանջ լինելու։

ՉԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

Տարիներ շարունակ հետևելով մեր մամուլին, մենք այսօր ստիպված ենք արձանագրելու մեր մամուլի մի տգեղ սովորությունը՝ նրա վերաբերմունքը դեպի մեր հաստատությունները, դեպի մեր գործերն ու գործիչները, և խղճի ամենայն հանգստությամբ հայտարարում ենք, որ դա եղել է միշտ չար, միշտ աչառու, միշտ թունավոր, միշտ վիրավորական, վնասելու դիտավորությամբ, կուսակցական կրքից, թեև միշտ էլ եղել է անաչառ քննադատության անունով և զանազան նման գեղեցիկ յարլիկներով։ Նրա հալածանքից ու հայհոյանքից չեն ազատվել ո՛չ մեր գրականությունն ու գրողները, ինչքան էլ տաղանդավոր լինեին ու անմեղ, ո՛չ մեր հասարակական հիմնարկությունները, ինչքան էլ նրանք լինեին բարեգործական, հրատարակչական կամ կուլտուրական, ո՛չ մեր գործիչները, ինչքան էլ նրանք լինեին մաքուր ու պատկառելի, մի խոսքով ոչ ոք և ոչինչ։ Փրկվել են միայն նրանք, որոնք եղել են նրան կուսակից ու համախոհ։ Այլևս ոչ մի փրկություն։ Ամեն մի հիմնարկություն նրա աչքում հակառակ է համարվել նրա շահերին, ամեն մի գործչի, նույնիսկ իր սեփական թղթակցի, հռչակն ու հաջողությունը նա