Այսպես է, դժբախտաբար, եվրոպական պետությունների քաղաքականության վրա խորհրդածող կուլտուրական ժողովուրդը։ Եզոպոսի աստղաբաշխի3 նման, որ դիտակն աչքերին, աստղերը դիտելով, առանց իր ոտի տակի ճանապարհը նայելու, առաջ է գնում ու գնում է ընկնում ջրհորը։
Անշուշտ, քաղաքական աշխարհքից պետք է երբեմն-երբեմն տալ տեսություններ և այդ շատ է հեշտ, որովհետև պատրաստ գալիս է տպված, բայց առաջին ու մեծ տեղը պետք է բռնեն մեր աշխարհքը, մեր կյանքը, այդ կյանքի հարցերն ու նրանց լուրջ, ամենակողմանի ուսումնասիրությունը, այն, որ դժվար է և գուցե դրա համար էլ ամենից քիչ տեղ է ունեցել մեր մամուլի մեջ։
Պարբերաբար հրապարակ է դրվում հայ ուսուցչի ռոճկի խնդիրը մերթ այն անվերջ գանգատի հետ, թե այդ ռոճիկը չեն տալիս, մերթ այն մտքով, թե քիչ է, երբեմն էլ, թե շատ է, ժողովուրդը չի կարողանում վճարել, գյուղերում սակարկություն է անում, իջեցնում որոշած նորմայից։
Մի շատ լուրջ խնդիր մեր դպրոցական կյանքում և արժե, որ մի անգամ այդ խնդիրը դնենք հրապարակի վրա ու քննենք, թե արդյոք բավարա՞ր է հայ ուսուցչի ռոճիկը, թե չէ։
Հայ ուսուցիչ ասելով մեզանում մի խեղճ մարդ են հասկանում, մենակ, համեստ պահանջների տեր ու դատապարտված մշտական կարիքների։ Բայց թողնենք այս ողորմելի ու հնացած հայացքը։
Հայ ուսուցիչը իրոք մի բարձրագույն կամ միջնակարգ կրթության տեր անձնավորություն է։ Եվ երբեք նրան մենակ չպետք է երևակայել, այլ գոնե մի փոքրիկ ընտանիքով— թեկուզ մի կին ու երկու երեխա։ Թույլատրելի է սրանց հետ անշուշտ և մի ծառա։ Արդ՝ այս տեսակ մի ընտանիք քաղաքում ի՞նչքանով կարող է ապրել մի քիչ մարդավայել