Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/262

Այս էջը հաստատված է

կյանքով, գավառում ի՞նչքանով, և այժմ ի՞նչքան է ստանում։

Մեր թեմական դպրոցներում, այսինքն մեր մեծ քաղաքներում, միջին թվով նա ստանում է հազար ռուբլի, իսկ գավառներում չորս հարյուր ռուբլի։ Այժմ հարց՝ արդյոք այդ գումարով նա կարո՞ղ է ընտանիք պահել, սնունդ ու կրթություն տալ նրան և ինտելիգենտ մարդու թեկուզ տարրական պահանջները լրացնել, ուրիշ խոսքով՝ հանգիստ սրտով կպած շինել իր պաշտոնին ու խղճմտանքով, անթերի կատարել իր ծանր գործը։ Այլապես, եթե այդ ռոճիկը քիչ է ու նրան բավականություն չի տալիս, անկասկած նա անսիրտ է պարապում, աչքն ու միտքը դեպի դուրսն է և առաջին հարմար դեպքում թողնելու է դպրոցը։ Եվ ո՞վ իրեն իրավունքը կհամարի մեղադրելու, չէ՞ որ նախքան ուսուցիչ լինելը նա մարդ է, ամուսին է, ծնող է, և բաց աչքով նայում, տեսնում է, թե իրեն հավասար կրթության տեր մարդը, իր ընկերը դպրոցից դուրս ինչքան է ստանում ու ինչպես է ապրում, և ոչ միայն իր ընկերը, այլ բարոյական ու մտավոր կարողությունով իրենից շատ ավելի ցած կանգնած մարդիկ։

Վերջապես ժամանակի ընթացքում թանկանում է կյանքը, թանկանո՛ւմ են և՛ բնակարան, և՛ հագնելիք, և՛ ուտելիք, և այլ կենսական պիտույքներ, իսկ նրա ռոճիկը մնում է նույնը։

ՆՈՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցյալ, իննսնական թվականներին հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ։ Մեծ հասարակությունը, որ առհասարակ ծանր է լսում և ուշ է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց։

Այսպիսի դեպքերում գնահատողը լինում է գրականությունը սիրող ու հասկացող մի որոշ բազմություն, որը կազմում է և այս կամ այն երկրի գրական մթնոլորտը։ Դժբախտաբար, դա էլ գոյություն չուներ մեր աշխարհում։ Հրապարակը բռնած էր միայն մամուլը, և ահա այդ մամուլն