Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/263

Այս էջը հաստատված է

էլ, այս ոգևորված ջահելների խումբը տեսավ թե չէ— ծիծաղը պրծավ։ Շատ քիչ մարդկանց բացառությամբ, հայոց կրիտիկոսներն ու հրապարակախոսները, ոչ մի գնահատելի բան չգտնելով այս նորեկների մեջ, գլխարկները դրին փայտերի ծայրին, այնպես դուրս եկան սրանց դեմ՝ առնելով ծաղրի ու ծանակի առարկա։ Եվ այդ ժամանակները մեր կողմերի հայկական շրջաններում, մանավանդ այսպես կոչված «ազատամիտ» բանակում, ավելի ծիծաղելի բան չկար, քան «բանաստեղծ» բառը։

Երկար է այս տարօրինակ պատմությունը և մտադիր էլ չենք այժմ անելու, բայց ուզում ենք մի անգամ էլ հիշեցնել, որ այսպիսի մթնոլորտում չի ծաղկիլ ու չի ճոխանալ ոչ մի տաղանդ, այլ ընդհակառակը, շատ բան կկորցնի տարիների ընթացքում, մինչև որ, խանգարված, դադարի վերջնականապես։ Եվ այդպես է եղել մեր գրականության մեջ։

Մեր գրողները, գրեթե բոլորը, խանգարված գրողներ են, խանգարված թե՛ արտաքին, թե՛ ներքին պայմաններից։ Այդ պատճառով էլ սրանց լավ գործերը թվելու ժամանակ մեծ մասամբ առաջին գործերն են հիշատակում, երբ թարմ են եղել դեռ ու ոգևորված։

Բայց թողնենք նրանց։ Նորերն են գալիս։

Արդյոք այնքան փոխվե՞լ են ժամանակն ու հասարակությունը, որ գոնե սրանք մենակ չմնան ու լքված, այլ տեսնեն, որ ապրում են հարազատ ժողովրդի մեջ, զգան նրա սիրող սրտի ջերմությունը, նրա վերաբերմունքի քնքշությունը, ոգևորվեն, զարգանան ու մեծանան։

Դուրս է գալիս մի նոր բանաստեղծ, բանաստեղծ բառի լավ մտքով և արդեն վկայված է հրապարակում։ Բայց ո՞վ է մոտենում նրան, ի՞նչ է սպասում նրան, ո՞վ գիտի...

Սակայն այս տողերը գրելու առիթը մեզ տվին այն երկու աշակերտները, որոնց առաջին երգերն այսօր տպում ենք «Հորիզոնի» թերթոնում. մինը Ներսիսյան դպրոցի VII դասարանցի, մյուսը Երևանի Թեմական դպրոցի IV դասարանցի։ Կան սրանց նման և մի քանի ուրիշները։ Այս պատանիները, որ դեռ աշակերտական նստարանից մեր առջև փռում են իրենց շնորհքը, միաժամանակ հենց այդ օրերից