Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/274

Այս էջը հաստատված է

ԽՐԻՄՅԱՆ ԵՎ ԻԶՄԻՐԼՅԱՆ

Երկար տարիներ ունեցել եմ Խրիմյանի մոտիկությունը վայելելու պատիվը, իսկ Իզմիրլյանի հետ, իր կարճ հայրապետության ընթացքում, միայն մի քանի անգամ եմ ունեցել տեսակցություն, բայց, իր բացսրտության պատճառով, մի քանի տեսակցությունն էլ բավական էին Իզմիրլյանին ճանաչելու։ Եվ կարծում եմ հետաքրքրական կլինեն «Հորիզոնի» ընթերցողի համար նրանց բնավորության այն գծերը, որոնցով նրանք մոտենում էին իրար կամ հեռանում էին իրարից։ Երկուսն էլ խոշոր հայ դեմքեր էին, գերազանցորեն հայ. երկուսն էլ շատ ապրած իրենց ժողովրդի տառապանքով։

Երկուսն էլ հոգևորական էին բառի լայն իմաստով, երկուսն էլ սիրում էին ս. Գիրքը ու նվիրված էին հայրենի եկեղեցուն։ Երկուսն էլ ունեին իրենց հավանած մարդիկը հոգևորականների մեջ, բայց առհասարակ չէին սիրում հոգևորականությանը։ Իզմիրյանը մինչև անգամ զգուշացնում էր հոգևորականներից, իսկ Խրիմյանը առանձին թշնամություն ուներ աստվածաբանների դեմ։ Երկուսի մասին էլ կարծիք էր տարածված թե հեղափոխական մարդիկ էին, բայց երկուսն էլ ուրույն հայացք ունեին հեղափոխության վրա և ատում էին արյունը։ Երկուսն էլ վշտով էին հիշում գոլիցինյան օրերը և առանձին հաճույքով էին կանգ առնում ներկա փոխարքայի վրա։

Բայց ավելի շատ են այն կետերը, որոնցով նրանք տարբերվում էին իրարից։

Իզմիրլյանը պատկառում ու ճնշվում էր կաթողիկոսական գահից, իսկ Խրիմյանը թեթև աչքով էր նայում գահի վրա և մինչև անգամ ոտանավոր էր գրում, թե Քրիստոսի հետևողին անվայել է գահը։ Իզմիրլյանը գահն էր իրենից բարձր նկատում, Խրիմյանը իրեն էր գահից բարձր համարում։

Իզմիրլյանը մի տեսակ քաշվում էր, երբ ասում էին՝ Ձերդ վեհափառություն, Խրիմյանը նեղանում էր, և սիրում էր, որ իրեն «Հայրիկ» կանչեն, հայոց Հայրիկ։

Իզմիրլյանը միշտ և միայն գործից էր խոսում, Խրիմյանը