Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/275

Այս էջը հաստատված է

գործից չէր խոսում և ձանձրանում էր գործից խոսելիս։

Իզմիրլյանը մարդկանց մոտեցնում էր գործի համար, Խրիմյանը՝ զրույցի։

Իզմիրլյանը սիրում էր խորհուրդ հարցնել, Խրիմյանը վիրավորվում էր, երբ խորհուրդ էին տալիս։

Իզմիրլյանը աջը չէր տալիս համբուրելու, Խրիմյանը միշտ մեկնում էր համբուրելու։

Իզմիրլյանը ազնիվ մարդիկ էր որոնում, Խրիմյանը ջերմ երկրպագուներ։

Իզմիրլյանը մարդկանց հարգանքով էր վերաբերվում, Խրիմյանը հեգնանքով։

Իզմիրլյանը միշտ լուրջ ձևով էր խոսում, Խրիմյանը երբեմն էր լուրջ ձևով խոսում, իսկ միշտ հեգնելով ու կատակով։

Իզմիրլյանը պարզ էր ու բաց սիրտ, Խրիմյանը բարդ էր ու խորը։

Իզմիրլյանը դյուրազգաց էր ու հուզվող, Խրիմյանը քամահրող ու հանդարտ։

Իզմիրլյանը օրենքից էր խոսում, Խրիմյանը Ավետարանից։

Իզմիրլյանը սրտալի ու շիտակ գործիչ էր, Խրիմյանը խորամիտ փիլիսոփա։

Իզմիրլյանը անկասկած մաքուր էր, Խրիմյանը անպայման մեծ։

ՉՊԱՇՏՊԱՆԵՑԻՆՔ

Այսօր Իզմիրլյանի բաց շիրմի առջև իմ սրտի, իմ խղճմտանքի վրա ծանրանում է մի խորը վիշտ, մի ճնշող գիտակցություն, որ մի բառով կարող եմ արտահայտել, և հենց այդ բառն է, որ գրել եմ հոդվածիս գլխին—չպաշտպանեցինք։

Իր աքսորավայրից ընտրեցինք ազգի ընդհանուրության կամքով ու ձայնով և հրավիրեցինք Ամենայն Հայոց Հայրապետության։