Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/281

Այս էջը հաստատված է

եպիսկոպոսի հրաժարականի մեջ։ Եվ, վերջապես, դուրս է գալիս, որ ժողովը ունեցել է աննպաստ արդյունք հենց թելադրիչների համար։

Այսպես է պատմում Հ. Ա., որը սուտ, որը խեղաթյուրած, որի էլ մի մասը, որ բոլորովին ուրիշ բան դուրս գա։

Սրան եթե ավելացնենք ալն տողերը, որոնցով Հ. Ա. պաշտպանում է իր սիրած հայհոյանքն ու զրպարտությունը, որին ինքն անվանում է մամուլի ազատություն, պատկերը ավելի պարզ կլինի։ Նա դեմ էր, որ ժողովը իր վերաբերմունքը հայտնի մամուլի որոշ մասին (ոչ միայն «Հովիտին»)։ Ինչո՞ւ։ Թող հասկացողը տա պատասխանը։ Չէ՞ որ մի մարդ, որ շարունակ հայհոյում է մամուլի այս կամ այն օրգանը ու դա չի համարում հանցանք մամուլի ազատության դեմ, անկարելի բան է, որ այդքան վրդովվեր, երբ մի ժողով ուզում է ցույց տա իր վերաբերմունքը դեպի մի չարախոս ու հանցավոր մամուլ։

Բայց դեռ ավելի վատը կա։ Մամուլի ազատության մասին խոսելիս Հ. Ա. աղաղակում է. «Պարոննե՛ր, դուք նողկանքի քվե չեք տալ «Ազատամարտին», «Հայրենիքին», «Ասպարեզին» ու «Առավոտին»։ Հասկանո՞ւմ եք, թե սրանով ի՞նչ է ուզում այս անհամակրելի հոգին։ Ուզում է վախեցնել ու վախեցնելով լռեցնել հակառակորդներին, մեղադրելով թե՝ դուք նրանց մարդիկն եք, թեկուզ դուք այն թերթերի դեմ լինեք, նրանք էլ ձեր դեմ, թեկուզ դուք նրանց լինեք պախարակելիս, նրանք էլ ձեզ, թեկուզ ինքն էլ հաստատ գիտենա, այդ չի նրա միտքը, այլ այն, որ ձեզ վախեցնի։ Հոգու մի ծայրահեղ այլանդակություն, որ վերջերս ցույց են տալիս անհատներ ու մամուլի օրգաններ, սուտ, միանգամայն սուտ պաշտպան հանդիսանալով՝ ով իրենց պաշտպանության կարիքը չունի, այդ ձևով աշխատելով վնասել իրենց անձնական հակառակորդներին։ Այսպես են անում հատկապես այն օրգանները, որոնք սպառել են իրենց հին ստերի պաշարը և այլևս հող չունեն իրենց ոտի տակ։ Բարեբախտաբար սա էլ երկար չի տևելու, որովհետև ամենքն էլ գլխի են ընկել ու դեռ ավելի են ճանաչելու, թե ինչն է սրանց փորացավը և, ինչքան կեղտոտ ու սուտ են այն ճանապարհները,