Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/284

Այս էջը հաստատված է

բազմաթիվ վկաներով դժվար չի լինի։ Ձեր վեհափառության հանդեպ, թե ամեն քննադատություն և դժգոհություն Ձեր միամյա հայրապետության դեմ ծագումն է առնում այն խմբակից, որ Օրմանյան սրբազանի կաթողիկոսացումը կուզեր և չհաջողեց, ես առարկեցի, թե նոր եկած լինելով Թիֆլիսից և հասարակության զանազան շրջանների հետ շփումն ունեցած՝ կարող եմ հավատացնել, որ ընդհանուր տրտունջը Ձեր ոչ անկախորեն, այլ մի քանի շրջապատողների թելադրությամբ գործելուն դեմ է, ու ոչ մի կապ չունի սրբազան Օրմանյանի անվան հետ, և ահա ըստ պահանջման Ձերդ վեհափառության փաստ բերած լինելու համար և մի զգալի օրինակ, թե ինչպես պատահել է Ձեզ՝ կողմնակի ազդեցությանց շնորհիվ, Ձեր իսկ երբեմնի հայացքների հակառակ գործել, ասացի որ մի տարի առաջ շատ աննպաստ կարծիք ունեիք Եփրեմ վարդապետ Սուքիասյանի մասին, և, այնուամենայնիվ, եպիսկոպոս օծեցիք նրան՝ առանց ժողովրդական պահանջի, առանց որևէ ստիպողական հանգամանքի։ Այդ անվանեցիք ստախոսություն, բայց համարձակվում եմ պնդել, որ ինձ ևս ասել եք, ուրիշներից ևս լսել եմ, թե կարևոր դիրքերում անարժանաբար պաշտոն վարող հոգևորականների իբրև տիպար ներկայացնելով Եփրեմ վարդապետին՝ ասել եք շարունակ կարտ է խաղում և հաճախ գտնվում իր կոչմանը անվայել շրջապատի մեջ։ Արդ՝ եթե Ձեր ասածը չեք հիշում, հիմք կա՞ր դորա համար անարգելու իմ մարդկային արժանապատվությունը և Ձերդ սուրբ օծության ձեռքից ընդունած եպիսկոպոսական աստիճանս՝ վերագրելով ինձ ստախոսության վատ հանցանքը, որին ընդունակ չեմ եղել իմ տղայության օրերում անգամ։ Ձերդ Վեհափառությունից, իբրև տիրոջ օծյալից և հոգևոր հորից, տարա ես այդ ծանր վիրավորանքը, բայց պետք է ընդունիք, հարկավ, որ հեշտությամբ չեմ մարսի և չեմ վերցնի ինձ վրա այն դառն արհամարհանքը, որի առարկա կամեցաք ինձ դարձնել, այլ փակված համարելով իմ առաջ Վեհարանի դռները կհասկանամ միանգամայն, թե ինչ ընթացք է մնում բռնել ինձ Ձերգ Սրբության ակներև անբարեհաճության և բացարձակ անվստահության հանդեպ»։