Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/287

Այս էջը հաստատված է

մարդիկ մնան նույն կարծիքի, գոնե դատապարտությունը կարող է մեղմանալ մեծ հասարակության առաջ, որի մեջ տարածված են շատ ավելի ծանր մեղադրանքներ։

Այս էլ այսպես է տվել իր ընթերցողներին Հ. Ա., Հ. Թումանյանը ժողովում հայտնեց. «եթե «Հորիզոնը» այդ հարցը դրել է հրապարակի վրա, Կարապետ եպիսկոպոսի պատվի պաշտպանության համար է դրել…»։

Սա կարող է վաղն էլ հավատացնել, որ այս հոդվածներն էլ եթե գրում եմ, Հ. Ա.-ի պատվի համար եմ գրում։ Եվ ութսուն հոգի էլ կկանչի վկա։ Չէ՞ գիտի, ինչ աշխարհքում է գտնվում։

Բենիկ և Արտակ վարդապետները ժողովում խոսեցին այս բովանդակությամբ։ Բենիկը, որ խոսելուց հետո գնաց, սկսեց Կաթ<ողիկոսի> հիվանդությունից։ Բացատրեց, որ վերջին վրդովմունքից չի նա հիվանդացել, այլ սրտի արատ ուներ վաղուց, և դեռ մի տարի առաջ Պոլսից բժշկական վկայությամբ այդ մասին գրել են Էջմիածին ու ազդարարել, որ գզույշ վարվեն հետը։ Պատմեց, որ դրսի թերթերն են ազդել առավելապես, որ, ճշմարիտ է, ընդհարումներ են եղել, բայց դրանք անխուսափելի են, որ ինքն էլ իր թղթերի մեջ խիստ խոսքեր է գործածում, բայց ճշմարտություններ են, որ ասում են իրենց հորը — հայրապետին, որ հայրապետը իրենց հայրն է, միաբանները որդիները, հոր ու որդիների մեջ շատ բան կպատահի, դրսից մենք չպետք է այդպես միջամտենք։ Ավելացրեց, թե Կաթ<ողիկոսը> անսխալական չի. մեր պատմության մեջ դեպքեր են եղել, երբ կաթողիկոսներին նույնիսկ գահընկեց են արել, ու օրինակ բերեց Եզրին ու նմաններին, և չգիտեմ ինչու, հիշատակեց, որ հայ ժողովրդի մեջ քրիստոնեություն չկա։ Իսկ Արտակ վարդապետը խոսեց այն մտքով, թե ինչո՞ւ միայն Կարապետից են խոսում, մենա՛կ Կարապետը չի այդպես, և այս դեպքը եզակի չի Էջմիածնի միաբանության կյանքում։

Եվ ահա այն պատասխանը համառոտ, որ ես տվել եմ սրանց.

«Տարօրինակ պաշտպանություն են հանձն առել հայր սուրբերը։ Մենք կարծում էինք, թե Իզմիրլյանի հետ կռվելիս