Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/288

Այս էջը հաստատված է

սրանք մտածել են, թե գործ ունեն առողջ մարդու հետ, բանից դուրս է գալիս՝ դեռ մի տարի առաջ սրանք հաստատ իմացած են եղել և նախազգուշացրած Կ. Պոլսից, թե սրտի հիվանդություն ունի Վեհը, զգույշ եղեք։ Եվ այս բանը, այսքան պատմություններից հետո, գալիս են բարձրաձայն հայտարարելու հայ ժողովրդի ներկայացուցիչների ժողովում, և հետն էլ դեռ պարծենում են, թե՝ այո, մենք խիստ խոսքեր ենք գործ ածում։ Սրանք գալիս են հայտնելու՝ այն ժամանակ, երբ մենք ճնշում էինք նրան, նա արդեն ճնշված էր արտաքին հանգամանքներից։ Եվ մեզ համար բացվում է, որ նա ճնշված լինելով ամեն կողմից, օգնություն ու նեցուկ, և գոնե կարեկցություն չի տեսել նույնիսկ նրանց մեջ, որոնց վրա պետք է դներ իր հույսը, և որոնք աղաղակում են, թե կաթողիկոսը մեր հայրն է, մի մտեք հոր ու որդիների տարաձայնությունների մեջ։ Ո՛չ, նա ձեր հայրը չի, այլ հայ ժողովրդի ընտրած ամենայն հայոց կաթողիկոսն է, և դուք, որ կոչված եք նրան օգնելու, երբ վեր եք կենում նրա դեմ թեկուզ որդու անունով, և ուզում եք խեղդել ձեր մանր մունր հաշիվների ու փառասիրության համար, հայ ժողովուրդը պարտավոր է միջամտելու, պաշտպանելու իր ընտրյալին, և որքան խիստ կլինեն ձեր դավերն ու հարձակումները, այնքան էլ խիստ պետք է լինի մեր միջամտությունը։

Հ<այր> Բենիկն ասում է. Կաթողիկոսն էլ սխալական է, քննադատելի և ներկա դեպքն արդարացնելու համար օրինակ է բերում Եզրին ու նմաններին, մեր պատմության միջի վատերին։ Մենք, գոնե այսօր, այն կարծիքին չենք, թե Իզմիրլյանը մի Եզր է. ընդհակառակը, ամենքս համարում ենք մի ազնիվ ու մաքուր անձնավորություն, նույնիսկ հակառակորդները, որ պսակներով եկել են շրջապատել նրա շիրիմը։ Եվ քանի դեռ այս կարծիքին ենք, կմիջամտենք ու հաշիվ կուզենք ձեր արարքների համար ամենայն խստությամբ։ Դուք օգտվելով նրա բնավորության ազնվությունից ու սրտի քնքշությունից, մոտեցել եք նրան ամենայն կոպտությամբ ու չեք խնայել ո՛չ մի կերպ, և մեզանից էլ զիջում չպիտի սպասեք երբեք։