Դուք ասում եք, որ քրիստոնեություն չկա հայ ժողովրդի մեջ։ Ես համաձայն եմ դրա հետ, և դրա ամենամեծ ապացույցը Էջմիածնի միաբանությունը — դուք եք։ Եթե քրիստոնեության, ավետարանական ոգու գոնե նշույլ լիներ ձեր մեջ, մի՞թե դուք մի առաջնորդության, մի աստիճանի, մի պաշտոնի համար այսպիսի կռիվներ կանեիք և չէիք խնայիլ մինչև անգամ ձեր հայրապետին նույնիսկ ճնշված օրերում, նույնիսկ նրա սրտի հիվանդ ժամանակ։ Ո՞րտեղ է ձեր մեջ քրիստոնեական հեզության, անձնազոհության ու ներողամտության զգացմունքը։ Դուք ասում եք. միայն Կարապետը չի այդպես վարվել, ուրիշներն էլ կան։ Ասում եք. միայն այս դեպքը չի, որ բացվել է ձեր առջև, կան ուրիշ շատ դեպքեր էլ։ Այո՛, ես համաձայն եմ ձեզ հետ, որ միայն Կարապետը չի, գուցե նա ձեր միջի այն դժբախտն է, որ հենց նրա գլխին է փուլ գալիս այս բոլորն այսօր, համաձայն եմ, որ ձեզանից շատերն են նրա նման և նրանից էլ վատ։ Ավելի վատ։ Ես համաձայն եմ ձեզ հետ, որ ձեր վատությունը միայն այնքանը չի, ինչ որ մենք գիտենք, այլ հազար անգամ ավելի վատ, և մենք էլ հազար անգամ ավելի խիստ պիտի միջամտենք, եթե այս ամենը մեզ համար մի որևէ արժեք ունեն»։
Ահա 20-ի երեկոյան պատգ<ամավորական> ժողովում իմ տված պատասխանը Հ. Ա.-ին, և Բենիկ ու Արտակ վարդապետներին, որ թե ինչպես է դրել հրապարակ Հ. Ա., թող դատեն այն 80 վկան, որոնց անունը նա համարձակվում է տալ։ Իմը աղճատել, խեղաթյուրել ու ստել է, որովհետև ես մի տեսակ իրեն հակառակորդն էի դուրս եկել, կամ ինչպես իր թևի տակի մարդն էր անվանում, պրոկուրոր, իսկ մյուս պատգամավորների խոսածները, որոնցից շատերը շատ լուրջ խնդիրների վրա էին ու գեղեցիկ, իսկի չի էլ հիշատակել այն մարդը, որ ամեն բան վերագրել է իրեն և իր ամենադատարկ խոսքն էլ զարդարել ու ղրկել «Մշակի» բաժանորդներին, որ դրա համար փող ուղարկեն իրեն։ Դեռ չի վերջացել։