Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/29

Այս էջը հաստատված է

 կարում իրանց զգեստի վրա, որ հագնում են, ձիու վրա, որ նստում են, բարձի մեջ, որի վրա քնում են, և այլն։ Եվ դրանցից մի քանիսն իշխանին ազատ են պահում հաչաղանքից, մի քանիսը նրա բախտավորության գաղտնիքն են պարունակում իրանց մեջ, մի քանիսը նրան սիրելի են կացուցանում ուրիշների աչքում, նրա հրապույրն են ամփոփում իրանց մեջ և այլն։

Հենց այդպես էլ, նույն արևելքում, և դեռ այն ժամանակ, երբ բնությունն և յուր երևույթներն էին պաշտվում, երբ աներևույթ ուժերի հետ մարդը կախարդանքներով էր հաշտվում, ապահովվում ու զորանում, կախարդանքներով հռչակված մարաց նահապետը, հեթանոս հայոց թագավորի երկրորդական Արգավանն էլ յուր իշխանական բարձերի մեջ կարող էր ունենալ զանազան ծաղիկներ, որոնք ունեին այլևայլ զորություններ, պահպանում և ներկայացնում էին իշխանի զանազան զգացմունքների ու հատկությունների գաղտնիքները, և նրանց գողանալը նույն էր, թե գողանալ նրանց զորությունը։ Այս է որ ասել են Գողթան երգիչներն առասպելաբանելով, իբրև թե սիրահարված Սաթենիկը տենչում էր ձեռք բերել Արգամի բարձերից արտախուր խավարտ և տից խավարծի, այսինքն նորա սերը։

ԲՈՐՉԱԼՎՈՒՄ
(Ճանապարհորդական նկատողություններ)
«… Եվ պարզ աչքով ես տեսնում եմ

Հայրենիքըս ծաղկավետ.

Այն ճոխ երկրից ես լսում եմ

Անհոգ ծիծաղ լացի հետ»։

Լրագիրներում եթե կարդում եք՝ սպանեցին… կողոպտեցին… առևանգեցին… գողացան… կրակեցին… այդ Բորչալվիցն է գրած։

Այդպես է եղել հնումն այդ գավառը և այդպես է այսօր էլ։ Եվ ոչ մի ժամանակ խաղաղությունը տեղ չի գտել այդ սպանությունների և իմ հայրենիքում։