Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/290

Այս էջը հաստատված է

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Պ<ԱՐՈՆ> Հ․ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Կարդացի ձեր բանաստեղծությունը ու զգացի ձեր հատուկ բուրմունքը։ Ես լավ գիտեի, առաջուց էլ գրել էի, որ այդպես էր լինելու։ Բայց գործի լավը նա է, հարգելի պարոն, որ 80 վկա կա մեջտեղը։ Դուք տալիս եք դրանցից մի քանիսի անունները — համեցեք։ Ընդունում եմ ինչ տեսակ դատարան կուզեք։ Դուք ասել եք ձեր ասելիքը, ես էլ իմը կասեմ ու թող դատեն։ Թող դատաստան լինի․ դուք ինքներդ գնացեք անձամբ, իսկ ես, եթե կուզեք, կուղարկեմ միայն իմ գլխարկը, դա էլ բավական կլինի ցույց տալու, որ դուք ստախոս եք ու կեղծող։

Բայց դուք մի կեղտոտ ձի ունեք, որ շատ եք սիրում հեծնել ու քշել այս ու այն կողմը։ Այդ դաշնակցության գործն է։ Այդ գործը, պարոն, արդեն դատարանումն է։ Ով կմեղադրվի, ով կարդարանա՝ այդ ապագան ցույց կտա։ Բայց դա ինչ կապ ունի Կարապետ եպ<իսկոպոսի> գործի և ձեր ստախոսության հետ։

Դես ու դեն մի ընկնեք, դժբախտ հոգի, որ կողմն էլ դառնաք, որքան էլ հայհոյեք, թքեք, կծոտեք, հարայ կանչեք, չեք կարողանալու վրդովեք իմ հոգու հանգստությունը ոչ մի վայրկյան։ Ես ձեզ բաց չեմ թողնելու։ Դուք ծաղրում եք շարունակ մարդ արարածի արժանապատվությունը՝ շարունակ ստելով ու խարդախելով։ Դուք վայր եք ձգել տպագրական խոսքի արժեքն ու արժանիքը։ Հայոց մամուլի մասին խոսելիս, եթե որակում եք «հայոց կեղտոտ մամուլը» խոսքերով, դրան ամենամեծ պատճառը դուք եք ձեր ստերով ու հայհոյանքներով։

Այսօր էլ հաշիվ պիտի տաք դարձյալ ձեր ստախոսության համար, և ուրախ եղեք, եթե միայն ստախոս դուրս գաք ու դրանով ազատվեք։ Այլև պիտի բացվի և պատասխան պիտի տաք, թե ինչո՞ւ եք դուք պաշտպանում Կարապետ եպիսկոպոսին ու Բենիկ վարդապետին։ Չէ՞ որ դուք այն մարդը չեք, որ բարեսրտությունից մեկին պաշտպանեք։ Ի՞նչ