զավակներ ունի և սիրում է ու հարգում։ Թող բարձր զորավիգ լինի մեզ համար նրա մայրական սերը և այն գիտակցությունը, որ կարող ենք ուրախացնել մեր հեգ ժողովրդին, և սերն ու հարգանքն էլ դեպի տաղանդավոր մարդի թող մեր մեջը լինի ամենից առաջ։
Գրական կյանքի հիսնամյակը բոլորած մեր ազնիվ նահապետը — Ղ․ Աղայանը, մեր աշխարհքի խեղդուկ մթնոլորտից նեղվելով եթե աղաղակում է թե՝ քիչ է մնում փախչեմ և՛ գրականությունից, և՛ մեր միջավայրից, չի փախչիլ ու շատ ուրախ օրեր կտեսնի, քանի որ մեզանով կլինի շրջապատված, երեկվա սկսնակն էլ, որ մեզ նայելով գալիս է մեր ետևից, ուժ կառնի ու չի հուսահատվիլ իր գեղեցիկ ճանապարհին՝ իր առջև տեսնելով մեզ բարձր ու զորեղ միության մեջ։
Եվ, ով գիտի, գուցե մոտիկ է օրը, երբ հայ մարդը, որ երեկ-մյուս օրը եկեղեցու շուրջն էր պտտվում, այնուհետև անցավ ուսումնարանին, գալու է հասնի և գրականությանն ու գեղարվեստին։
Թող այդ նշանավոր օրը գա ու գտնի հայ գրական ընտանիքը միասիրտ ու միահամուռ բարու, գեղեցկի ու ճշմարտության ճանապարհի վրա։
Սրտագին շնորհավորում եմ այս վսեմ կապը, անգին ընկերներ։
Դուք խուսափում եք մեր հարցին ուղղակի պատասխանելուց։ Մենք «Հորիզոնի» անցյալ տարվա № 292-ում ձեզանից պահանջել էինք, որ պարզ, մեկին բացատրություններ տաք. ի՞նչ ներկայացուցիչ է, որ իբր թե «Հորիզոնի» խմբագրությունը ուղարկել է Էջմիածին։ Բացատրեք, թե ինչ հանդիմանություն է արել այդ «ներկայացուցիչը» Իզմիրլյան կաթողիկոսին։ Ի՞նչ ընթացք է, որի համար «ներկայացուցիչը» իբրև թե «հանդիմանել է», ինչպես ասում է