ձեր Հ. Առաքելյանը։ Վերջապես ո՞վ է այդ «ներկայացուցիչը», տվեք նրա անունը։
Այժմ դուք գործը դարձյալ ձգում եք Հ. Առաքելյանի վրա և ասում եք՝ միջնորդ դատարան եք ընդունել։ Շատ լավ։ Թեև միջնորդ դատարանը դրա համար չի, բայց թող այդպես լինի։
Ուրեմն միջնորդ դատարանի առարկա է լինելու և այս խնդիրը։ Սպասում ենք միջնորդ դատարանին։
Ընդհատելով իմ հոդվածները Հ. Առաքելյանի դեմ, առաջարկում եմ անցնել միջնորդ դատարանին։ Շարունակությունը միջնորդ դատարանի առջև։ Թիֆլիսում են Էջմիածնի պատգ<ամավորական> ժողովի նախագահ պ. Հ. Խունունցը, Թիֆլիսի քաղաքագլուխ պ. Ա. Խատիսյանը, հենց «Մշակի» աշխատակից բժ. Վ. Արծրունին, որ ժողովում հարուցել է խնդիրը, նրանք, որոնց անունը տալիս է ինքը, Հ. Առաքելյանը և նրանք, որոնց հետ Հ. Առաքելյանը դուրս է եկել Էջմիածնից ու ներկա չի եղել դեկտ<եմբերի> 20-ի ժողովին, որի մասին սուտ հեռագիր է տվել։ Թող Թիֆլիսում գտնվող պատգամավորները հավաքվեն ու տեսնեն այս ամոթալի դատը։ Բավական է մամուլը դարձնել ստախոսության ասպարեզ։ Վերջ պետք է լինի դրան։
Հ. Առաքելյանն ասավ իր «վերջին խոսքը»¹ և տվեց իր կողմից միջնորդ դատավորների անունները²։ Շատ լավ։
Ես էլ իմ կողմից ընտրում եմ պ.պ. Հ. Ամիրխանյանին, Գ. Մելիք-Ղարագյոզյանին և Ա. Պապովյանին. իսկ Էջմիածնում եղած պատգամավորները կգան որպես վկաներ։ Ես միայն մի ցանկություն կհայտնեմ, որ մեր դատավորները անձնական նշանակություն չտան գործին, այլ նայեն որպես մամուլի և հրապարակական խոսքի լայն ապականության