երեսը շրջեց և՛ այդպիսի դպրոցից, և՛ հոգևորականությունից, ընդհանուր դժգոհությունը գնալով մեծացավ, եկամուտի աղբյուրները ցամաքեցին, և նվիրաբերողներն էլ արդեն ուզում էին ետ պահանջել իրենց նվերները։ Եվ Կարբեցու նման նեղ ու ողորմելի մտածողները ստիպված էին հետզհետե ետ քաշվելու ժողովրդական արդար միահամուռ պահանջի առջև, ճանապարհ տալ Ներսես Աշտարակեցու և Կարապետ եպիսկոպոսի ծրագիրներին, որոնք ժամանակի ընթացքում հաստատվեցին օրենքով ու մտան կյանքի մեջ։
Այժմ պ. Չալխուշյանի առաջարկով այս հին մեռած հարցը կրկին հարություն է առնում մեր ժամանակում և նույն անմիտ ու տգետ պայքարը զարթնում է մեր մեջ։ Բայց այն պահանջն ու պայքարը, որ հասկանալի էր անցյալ դարի 30-ական թվականներին, երբ գրագետ քահանա չկար հայ ժողովրդի մեջ, անհասկանալի է և տարօրինակ մեր օրերում։ Այն, ինչ որ ներելի էր 30-ական թվականների Էջմիածնի կատարյալ խավար ու տգետ Սինոդին, որտեղից արձակվում էին այդ գրությունները, այսօր աններելի են մի թերթի, որի ճակատին գրած է «հիմնադիր Գր. Արծրունի»։ Վերջապես այն, ինչ որ տանելի էր այն դարում մի Կարբեցու բերանում, այսօր անտանելի է մի Գր. Չալխուշյանի ստորագրությամբ։
Բայց ի՞նչ․ փաստը փաստ է, և մենք ստիպված ենք հաշիվ տեսնելու նրա հետ։
Ի՞նչ հիմքի վրա է դնում արդյոք պ. Չալխուշյանը իր այս անհեթեթ առաջարկը, որ անում է ազգի կողմից։ Ինչ իրավունքով է խոսք անում, թե պետք է փակել մեր թեմական դպրոցների դռները նրանց առաջ, որոնք չեն ցանկանում պատրաստվել հոգևորականի կոչման։ Ինչո՞ւ է հորդոր կարդում, թե ազգը իր լուման չպետք է տա մեր թեմական դպրոցները պահելու, եթե ամեն տեղից մարդիկ կգնան համալսարան գիտություն սովորելու կամ իր խոսքով ասենք, բժիշկ կամ փաստաբան դառնալու։
Տեսնենք, արդյոք հիրավի ազգն այդպես է ցանկանում։ Ո՛չ, հազար անգամ ոչ։ Դուք տեսնում եք, որ սրանից դեռ մի ամբողջ դար առաջ, երբ այդ տեսակ փորձ են արել, ինչ