Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/30

Այս էջը հաստատված է

 Բայց այնքան աղքատ չէ այդ երկիրը, որ մարդիկ իրար ուտեն։ Ճոխ բնություն ունի Բորչալուն, ահագին անտառներ, արգավանդ դաշտեր, աղբերաշատ, դալար սարեր, ջերմ ու ջրառատ ձորեր, պղնձի, արծաթի, երկաթի և ապակու հանքեր ու գործարաններ և… աղքատ ժողովուրդ։

Բորչալվի լայնատարած անտառները մարդասպան ավազակների ապաստարաններ են, արգավանդ դաշտերում սոված է բազմատանջ երկրագործը, սարերում անասնապահություն չկա, քարերում մեղվապահություն, որ այնքան գալիս են այս գավառում, ոչ էլ կարգին այգեգործություն կա։ Ինքնաբույս բարատու ծառերի պտուղը համ իրանք են ուտում, համ արջը, սկյուռը, թռչունն ու մրջյունը. եղած այգիներն էլ մշակվում են Նոյ նահապետի սիստեմով։ Թողնենք հանքերն ու գործարանները, նրանք ուրիշին են պատկանում։

Այս ժողովուրդը թեև դեռ 20-ական թվականներին ապստամբվել, ձեռք է բարձրացրել ճորտության դեմ, բայց ահագին մեծամասնությամբ այսօր էլ մնում է ակամա ճորտ, շնորհիվ այս գավառում եղած խոշոր կալվածատիրության։

Ամենալավ, բերրի հողերը պատկանում են զանազան իշխանների, թավադների ու աղալարների։ Այդ հողերի վրա բահրով ապրում է ռանճպար ժողովուրդը, հերկում, ցանում, հնձում․․․ վաստակի մի քառորդը յուր տիրոջը տալու պայմանով։ Դեռ այդ տուրքի հետ գյուղացին կատարում է հողատեր աղայի հազար ու մի ծառայությունները, հրամանները և փեշքաշներ ու կաշառքներ է տալիս, որ ամուր լինի յուր հողի վրա։

Այս հողերը գլխավորապես գտնվում են Ձորագետի ներքին հոսանքում։ Ձորագետը որքան գիժ է Լոռու ձորերում, այնքան խաղաղ և համրընթաց է յուր ներքին հոսանքում, և իշխանների հողերը ոռոգելու համար՝ բազմաթիվ պտույտներ է անում այնտեղ—Բորչալվի արևակեզ դաշտում։

Ձորագետի վերին հոսանքում իբրև կալվածատեր հայտնի են Էջմիածնի և Հաղբատ-Սանահնի վանքերը։ Էջմիածնի Մարցա անտառապատ կալվածքը 20.000 դեսյատինից ավելի է։ Այս տարածության վրա մի քանի հայ գյուղեր կան, որոնք վանքին տասանորդ են տալիս ամեն տեսակ եկամուտից։ Այս

28