Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/300

Այս էջը հաստատված է

որ այսօր պ. Չալխուշյանն է առաջարկում, ազգը երես է դարձրել և ստիպել է քանդել իր առջև կանգնած այդ նեղ ցանկապատը և որքան կարելի է լայն բաց անել լուսավորության ճանապարհը իր զավակների առջև։ Եվ իր առատ նվերներով ու կտակներով եկել է ոչ միայն ապահովելու դպրոցը, այլև Էֆենդյանի, Փիրոյանի և այլոց նման հատուկ գումարներ է կտակել, որ ավարտողների ընդունակները գնան բարձրագույն ուսման։ Եվ այդպես էլ գործադրվել է մինչև պ. Չալխուշյանի հոդված գրելու օրը, երբ նա ազգի անունից պահանջում է միանգամայն հակառակը։

Բայց գուցե հայոց հոգևոր բարձր իշխանությունն է համաձայն պ․ Չալխուշյանի հետ։ Դարձյալ ոչ։ Հայոց հոգևորականության մեջ էլ, ինչպես տեսանք, այն էլ հարյուր տարի առաջ, քչերն են այնպես մտածել, ինչպես այսօր մտածում է պ. Չալխուշյանը։ Հայոց հոգևոր բարձր իշխանությունը ոչ միայն կամեցել է, որ կրթված հոգևորականի հետ միասին լավ ուսուցիչներ պատրաստի, այլ մինչև անգամ ժամանակին ծրագրել է վաճառականական գիտելիքներ մտցնել մեր թեմական դպրոցները...

Ահա՛ այսօր էլ Պ<ետեր>բուրգի եկեղեցին գումարներ է հատկացնում մեր թեմական դպրոցներին՝ գյուղատնտեսական բաժին բաց անելու։

Վերջապես, գուցե տերության վերաբերմունքն ունի ի նկատի պ. Չալխուշյանը իր դատողությունն անելիս։ Դարձյալ սխալ է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Կարբեցու հետ համաձայն էր Կովկ<ասի> կառավարչապետ բարոն Ռոզեն, հայոց թեմական դպրոցները սահմանափակելու, հատկապես Ներս<իսյան> դպրոցը միայն հոգևորական պատրաստելու համար, և էլ ով պետք է հակառակեր, եթե հայոց կաթողիկոսը խնդրում էր, կառավարչապետն էլ համաձայն էր, ասում եմ նույնիսկ այն ժամանակ սահմանափակ մանը հակառակեց կոմս Բենկենդորֆը և Պետերբուրգոլմ չանցավ Կարբեցու ծրագիրը։

Վերջապես չէ՞ որ կառավարությունն է թույլ տվել Մաթեոս կաթողիկոսի հաստատած կանոնադրությունը, որ գործադրվում է մինչև այսօր։ Եվ եթե պ. Չալխուշյանը կարող