Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/302

Այս էջը հաստատված է

Կարելի է կարծել, թե մի՛ գուցե պ. Չալխուշյանը սրանից է նեղացել, և այնքան շատ է նեղացել, որ հղացել է այս միջնադարյան առաջարկը։ Հիրավի, սա շատ տարօրինակ կլիներ։ Եվ ահա «Մշակը» իր № 11-ում գալիս է հավատացնելու, որ այդ հոդվածը ավելի խոր իմաստ ունի, պ. Չալխուշյանը ստիպված է գրել և այդ կբացատրվի ապագայում, ավելի նպաստավոր պայմաններում։

Ես էլ ապագայում, երբ կտեսնեմ որ այդ մի գեղեցիկ ու իմաստալի առաջարկ է եղել, խոստանում եմ այն ժամանակ, ապագայում ներողություն խնդրել պ. Չալխուշյանից։ Իսկ առայժմ կարծում եմ խորհրդավոր բան չկա և «փոլիթիկ» անելու տեղ ու կարիք, պարզ խնդիրներ են դրված հրապարակի վրա, և մենք էլ որքան պարզ լինենք, այնքան լավ հենց մեզ համար։ Բայց այստեղ, հոդվածիս վերջում ես դարձյալ ստիպված եմ հաշիվ տեսնելու «Մշակի» խմբագրության «վատության» հետ։ Պ. Գր. Չալխուշյանը հոդված է գրում, որի միտքն այն է, թե մեր դպրոցները կամ հոգևորականներ պիտի պատրաստեն կամ փակվեն։ «Մշակի» խմբագրությունն էլ ոչ թե նույն, այլ հետևյալ համարում, լուրերի մեջ հայտարարում է. «...որ այդ հոդվածը արտահայտում է հարգելի հեղինակի անհատական կարծիքը, որի մի քանի կետերի մասին մեր կարծիքը կհայտնենք»։

Անցնում է տասն օր։ Տասն օրից հետո ես գրում եմ իմ պատասխանը, և հոդվածիս դեռ առաջին մասը դուրս եկած, տակը գրված է, թե կշարունակվի, «Մշակի» խմբագրությունը գոռում է աշխարհքովը մին, թե Թումանյանը կեղծում է, զանցառության է տալիս իրենց հայտարարությունը, առանց սպասելու հոդվածիս վերջանալուն։ Վա՜հ։ Անուղղելի վատ մարդիկ, ձեր հոդվածն էլ դուրս եկավ, հայտարարությունն էլ, դրանից հետո էլ դեռ տասնյակ օրեր են անցել, որ ես գրել եմ իմ պատասխանը, դուք էլ սպասեցեք գոնե իմ հոդվածը վերջանա, տեսեք ձեր հայտարարությունը զանցառության եմ տալիս թե չէ, նրանից հետո հայհոյեցեք։ Բայց ասացեք խնդրեմ՝ քանի՞ սև գռոշ արժե ձեր լուրերի արանքում, ի միջի այլոց, արած հայտարարությունը, թե մենք կարծիք կհայտնենք մի քանի կետերի վերաբերյալ։ Մի՞թե