Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/303

Այս էջը հաստատված է

ամբողջ տասն օր մտածելով ձեր կարծիքը չկարողացաք գտնել ու հայտնել այնքան կարևոր մի խնդրի վրա։ Եվ իմ ինչի՞ն է պետք, թե դուք մի քանի կետերի մասին կարծիք եք հայտնելու, ես դեմ եմ նրա հիմնական մտքին և հակառակ եմ ամբողջ հոդվածին, ձեր հայտարարությունն էլ հետը։ Եվ մի՞թե ձեր հայտարարությունից հետո էլ դարձյալ նույնը չի մնում դրությունը, որ այդ տեսակ տողեր տպված են Գր. Արծրունու հիմնած թերթի էջերում և այդ շատ է տգեղ։ Իսկ ամենից տգեղն այն է, որ դուք եք այդ թերթի էջերում, և երբ խոսում եք կեղծիքի մասին, մտածեցեք, որ հայոց կյանքում չի եղել և չկա ավելի մեծ կեղծիք, քան այսօրվա «Մշակն» է։

ՀԻՄՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ

«Սուրհանդակի» № 226-ում Եղիշե ա<վագ> ք<ահանա> Գեղամյանը իր «Անհիմն մեղադրանք» նկատողության մեջ, խոսելով իմ հոդվածի մասին պ. Չալխուշյանի առաջարկի դեմ, գտնում է, որ անհիմն եմ մեղադրել Հովհ. Կարբեցի կաթողիկոսին, գրելով թե նա կամեցել է Ներսիսյան դպրոցը սեմինարիայի վերածել՝ նրանում ընդունելով միմիայն հոգևորականացուներ։

Հենց նույն հոդվածում էլ հ<այր> Գեղամյանը ասում է, որ Ներսես Աշտարակեցին էլ է դրել նույն մեղադրանքը Կարբեցու վրա, Ա. Երիցյանն էլ։ Տեր հայրն ասում է, թե ընդհակառակը, Կարբեցին հակառակ է եղել այդ ծրագրին, որ բարոն Ռոզենն է կազմել, թեև դրա համար ոչ մի վկայություն, ոչ մի դոկումենտ չի հիշատակում։ Մինչդեռ այդ դոկումենտները կան։ Ուրիշ անգամ գուցե առիթ լինի ավելի ընդարձակ խոսելու, առայժմ այդ պատմական փաստաթղթերից մի երկու կտոր հանեմ, որ ցույց կտան թե իմ մեղադրանքն անհիմն չի և բարոն Ռոզենն էլ այս խնդրում հակառակ չի եղել Կարբեցուն։ Ահա հատվածները այն գրությունից, որ 1836 թվականի հոկտ. 27-ին № 524, ղրկում է երկրի կառավարչապետ բարոն Ռոզենը ներքին գործերի մինիստր Բլուգովին. «Что касается до существующаго в Тифлисе