Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/305

Այս էջը հաստատված է

սկսում կամ ավելի ճիշտը, բռնում է Հ. Առաքելյանին, շատ շուտով բանն այնտեղ է հասնում, որ այս ու այն կողմից սկսում են բողոքել, թե՝ այս ինչ է, միայն հայհոյանքներ ենք լսում։ Հարկավ, ուրիշների հետ բանակռվելիս էլ է պատահում, բայց սակավ, իսկ դրա հետ միշտ հայհոյանքով է վերջանում, ընչի մասին ուզում է լինի և ով ուզում է լինի։ Թե ինչո՞ւ է այս այսպես, Ձեզ եմ թողնում սրա լուծումը, քանի որ Դուք նրա զինակիցն եք նույն թերթի մեջ և անշուշտ լավ եք ճանաչում, բայց փաստը փաստ է, որ նրա հետ բանակռվելիս, ընթերցողն սկսում է բողոքել։ Ծիծաղն այն է, որ այդպիսի ժամանակները պարկեշտ մարդու կեղծամ են հագնում ու ծանր-ծանր հրապարակ իջնում վայելչության դասեր տալու և հայհոյանքի դեմ բողոքելու, նույնիսկ, շատ այնպիսի մարդիկ, որ բացի սուտն ու հայհոյանքը էլ ուրիշ ոչինչ չունեն տված աշխարհքին, և այս երեվույթն այնքան է ավելի զզվելի, որ մարդ ակամայից բացականչում է, թե էլի ողորմի Հ․ Առաքելյանի հորը, նա միայն սուտ է խոսում ու հայհոյում, իսկ սրանք և՛ սուտ են խոսում, և՛ հայհոյում, և՛ պարկեշտ ձևանում, փարիսեցիություն են անում։

Դուք գիտեք, որ այս տեսակի մարդկանց մասին խոսելիս, ես Ձեզ չունեմ ի նկատի և չի կարող պատահել, որ այդպես լինի։ Ձեզ սազում է, որ խոսում եք վայելչության մասին, բայց այդ խոսքը, որ ասվում է որոշ ժամանակ, մի կոնկրետ դեպքի առիթով, չի կարող մնալ չեզոք ու անպատասխանատու, որպես մի ակադեմիական ճառ «հաղագս վայելչության» և ահա այդ պատճառով Ձեզ էլ այսպես եմ ասում։

Պ<արոն> Ա. Եզեկյան, եթե սիրում եք ճշմարտությունն ու վայելչությունը, ինչպես է, որ այդ առաքինությունների վրա ճառելով հանդերձ, Դուք միշտ մնում եք կանգնած Հ․ Առաքելյանի կողքին, մի մարդու, որի նման ստախոս ու հայհոյիչ դեռ չի ստեղծել հայի հողը, մի մարդու, որի ստերը քանի՜-քանի անգամ մերկացրել են հայ մամուլի մեջ, որի անվայել ոճի ու հայհոյիչ բնավորության դեմ քանի՜-քանի անգամ բողոքել են ամեն կողմից, և, ասում եմ, այդ