Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/307

Այս էջը հաստատված է

նախագահ Ս. Հարությունյանին, «Մշակի» աշխատակից բժ. Արծրունուն և շատ ուրիշներին, որոնց հետ նա եկել է Թիֆլիս ու չի եղել Էջմիածին ամսի 20-ի ժողովին, եթե չեք հավատում ամբողջ ժողովին, որ կվկայի, թե նա ներկա չի եղել ու սուտ, խեղաթյուրած հեռագիր է տպում, գոնե հավատացեք իրեն, որ իր դեկտ<եմբերի> 20-ի հեռագիրը 22-ի №-ում տպելուց, Կարապետ եպիս<կոպոսի> հրաժարականն ու մասնաժողովի զեկուցումը պատմելուց, ժողովի որոշումը հայտնելուց հետո, ուղիղ վեց օր հետո, դեկտ<եմբերի> 26-ին «Մշակում», 2 երեսի, 4 սյունակում հենց այն ինքն է ասում, թե «հասնելով Թիֆլիս, իմացանք, որ պատգամավորների մի մասը մնացել է, շարունակել ժողովը, լսել է մասնաժողովի զեկուցումը, կարդացել է Կարապետ եպիսկոպոսի հրաժարականի պատճենը» և այլն, և այլն։ Բայց մի՞թե Դուք լսում եք պ. Եզեկյան, և մի՞թե ձեզ հետ լսում են այն մարդիկ, որոնք ականատես են եղած այս ամենին, կամ այն մարդիկ, որ կարդում են այդ թերթը, և այս բոլորից հետո այն հայհոյանքները, որ իբրե թե չեն սիրում։ Ոչ, պ. Եզեկյան, դժբախտաբար, մեր աշխարհքում և՛ սուտ են սիրում, և՛ հայհոյանքը, և՛ այն բողոքները, որ լսում ենք իբրև թե հայհոյանքների դեմ, մեծ մասամբ փարիսեցիություններ են, սակավ դեպքում, Ձեր և Ձեզ նման մի երկուսի բերանում դատարկ, ակադեմիական ճառեր։ Այլապես Դուք և Ձեզ նման ճշմարտություն ու վայելչություն սիրողները պետք է անպատճառ ատեն ստախոսությունն ու անվայելչությունը և իրենց դիրքը որոշեն ստախոս ու անվայելուչ մարդկանց դեմ։

Դուք ի՞նչ եք արել մինչև այսօր և ի՞նչ եք անում այսօր։ Ճա՞ռ եք ասում։ Ո՞ւմ դեմ։ Ոչ ոքի՞։

Բայց դա ի՞նչ բան է։ Մի՞թե այդպես են պաշտում ու պաշտպանում ճշմարտությունն ու վայելչությունը։ Դուք ընտրված եք դատավոր Հ․ Առաքելյանի կողմից։ Ավելի լավ կանեիք գոնե շտապեցնեիք և շուտ տեսնեիք մեր դատը, քան «Մշակի» էջերից այդպիսի ճառեր կարդայիք, առանց նկատելու, թե որքան քիչ վայելչություն կա այդ վայելչության ճառերի մեջ։