Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/308

Այս էջը հաստատված է

ԳԱՎԱՌԱԿԱՆ ԵՐԵԿՈՒՅԹՆԵՐ

Փետրվարի 2-ին Թիֆլիսի ժողովարանում բժ. Ա. Զարգարյանը կազմել էր զոկական երեկույթ, ուր ներկայացնելու էին իր զոկերեն գրած պիեսը՝ «Ադաթ չի», երգելու էին՝ զոկական երգեր, նազանքներ, արտասանելու էին զոկերեն՝ ժողովրդական ոտանավորներ և պ. Հար. Թումանյանի զոկերեն կուպլետները, պարելու էին զոկական պարեր։

Եվ ահա այդ գիշեր այս փոքրիկ երեկույթի մեջ հանդես եկավ հայ ժողովրդի թերևս ամենակուլտարական այս հատվածը, այնքան ինքնուրույն, այնքան առանձնահատուկ համով ու հոտով և այնքան սրտալի ու շնորհալի, որ հանդիսականների հիշողության մեջ անջինջ կմնա այդ երեկույթի գեղեցիկ տպավորությունը։ Եվ ես այդ տպավորության տակ մտածում էի, թե ինչքան լավ կլիներ, եթե մեր գավառները իրար ետևից հանդես գային Թիֆլիսում այսպիսի երեկույթներով՝ իրենց առանձին տարազով ու բարբառով, իրենց սարք ու կարգով, վարք ու բարքով, իրենց ադաթով, լավով-վատով, և ի՜նչ հաճույք կտան այդ երեկույթները, և ի՜նչքան բան կսովորեցնեն։

Մեզանում, Թիֆլիսում, այս կամ այն նպատակով երեկույթներ կազմելու ժամանակ նստում են գլուխ տրաքեցնում, մտածում, որ մի գյուտ անեն, մի նորություն հնարեն ժողովրդին հրապուրելու։ Ահա ձեզ գյուտը։ Եվ ասեղ գցելու տեղ չկար փետրվար 2-ի գիշերը Թիֆլիսի ժողովարանում, ոչ վերջ հրճվանքին։ Թո՛ղ գան իրար ետևից Արարատը, Շիրակը, Ղարաբաղը, Լոռին, Ջավախքը, Զանգեզուրը, Նուխին, Շամախին, նույնիսկ Տաճկաստանի գավառները։ Եվ ի՜նչ գեղեցիկ կլինի։

Պ‹ԱՐՈՆ› ԳՐ. ՉԱԼԽՈՒՇՅԱՆԻ ԵՐԿՈՒ ԽՈՍՔԻ ԴԵՄ

Պարոն Չալխուշյանը «Մշակի» № 28-ում պարզ ետ նահանջելով հանդերձ ուզում է միաժամանակ հարձակվողի և մեղադրողի դիրք բռնի, նահանջը ծածկելու կամ պատվավոր