Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/309

Այս էջը հաստատված է

դարձնելու համար։ Բայց հոդվածն այնքան խեղճ է, որ հազիվ թե այդ ցանկալի տպավորությունն անի և այնքան պարզ է ամեն առարկություն ու արդեն պատասխանն առած, որ ես այլևս չեմ վերադառնալ նրանց։ Բայց գանք այն հարցին, որի մասին ես իմ հոդվածում («Հորիզոն», № 14) ասել եմ՝ «կարելի էր կարծել, թե մի գուցե պ. Չալխուշյանը սրանից է նեղացել, և այնքան շատ է նեղացել, որ հղացել է այս միջնադարյան առաջարկը։ Հիրավի, սա շատ տարօրինակ կլիներ։ Եվ ահա «Մշակը» իր № 11-ում գալիս է հավատացնելու, որ այս հոդվածը ավելի խոր իմաստ ունի, որ կբացատրվի ապագայում»։

Այժմ բանից դուրս է գալիս, որ «Մշակի» խորհրդավոր հայտարարությունն էլ է եղել ավելորդ ու ներկա սերունդն էլ կարող է իմանալ այդ խոր իմաստը, իմ ենթադրությունն էլ է եղել զուր, որ կարծել եմ՝ հազիվ թե այսքան դատարկ, կավելացնեմ և անհիմն մի բան լինի պ. Չալխուշյանի «ազգային» ցասման և միջնադարյան առաջարկի պատճառը։

Այժմ, ասում եմ, հենց այդ դատարկ ու անհիմն բանն է եղել պատճառը, որ պ․ Չալխուշյանը այսօր անվանում է էական։ Հիմի նայենք էականը։ Բառացի։ Եվ գիտեք ընչով է սկսվում այդ էականը․ «ասում են»-ով։ «Ասում են աշակերտները չեն ուզում հաճախել եկեղեցի, երգել պատարագի ժամանակ, անգամ չեն ուզում սովորել կրոն և բոլորի ձգտումն է մտնել համալսարան»։

Ասում ե՜ն․․․

Իսկ եթե չեն ասում, էն ժամանակ ինչ կանեք, պ. Չալխուշյան։

Հիմի էլ դուք եք ձեզ ու ձեզ Էջմիածնի ժողովը ետ կանաչում, մի վարմունք, որ շատ տգեղ է, բայց այնքան է սովորական դարձել մեր կյանքում, որ էլ իսկի տգեղ չի համարվում, դուք, որ միաժամանակ գրում եք, թե այն օրերն ու այն բոլորն անցել են, մեջտեղն եք բերում Էջմիածնի ժողովն ու այդ ժողովի ազատամիտներին, անվանում եք անմիտներ ու ձեզանից բանաստեղծում. «Անմիտը կասե՝ հոգևոր դպրոցներում կրոնը ավելորդ է, և գուցե ավելացնե՝