համարում երկար խոսելու նախադասությունների մասին, իրավունք չունեն լռելու երեսուն տարվա գրական գործունեության հանդեպ։
Անցնենք այդ երեսուն տարվան գրական տոնին։
Եվ չէ՞ որ գրական հոբելյաններին չեն գալիս անհաջող գործերն ու սխալները թմբկահարելու, այլ հանդես դնելու այն, ինչ որ թանկ է մի ժողովրդի համար, այն, ինչ որ մի հեղինակ ավելացրել է իր մայրենի գրականությանը, այն, ընչի համար որ գալիս են նրան պսակելու։
Ամեն մարդ խոսելու իրավունք ունի, իսկ դուք և իրավունք ունիք և պարտականություն։
Դե, խոսեցե՛ք։
ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔ
«Հորիզոնի» Կ. Պոլսի թղթակից պ. Մեֆիսթոյի «Ելուզակությունը մը» վերնագրով հոդվածը, որ տպված է թերթի № 61-ում, հարուցանում է մի կարևոր խնդիր։ Եվ արդեն ինքը, պ. Մեֆիսթոն, հանգ<ուցյալ> Պալասանյանի գրական գործի հափշտակության դեպքը հրապարակ դնելով ու պատմելով, թե ինչպես մեր տաճկահայ եղբայրները չեն քաշվում ռուսահայ գրողների երկերը շահագործելուց, նրանց անունը պոռալով ու նրանց վիճակի վրա ցավելով հանդերձ, նրանց աշխատանքի արդյունքը նրանցից ու նրանց այրիների ու որբերի ձեռքից խլելուց, առաջարկում է թուրքահայ ու ռուսահայ գրողների համախորհուրդ՝ միջոց գտնելու և ապահովելու թուրքահայ և ռուսահայ գրողների հեղինակության իրավունքը։ Ես կավելացնեմ՝ ամեն տեղի հայ գրողների համախորհուրդ, ամեն տեղ ապահովելու հայ գրողի իրավունքը, ուր ապրում է հայ ժողովուրդը, որովհետև մի ժողովուրդ է և մի գրականություն։
Միայն տաճկահայերը չեն, որ շահագործում են ռուսահայ գրողներին, ռուսահայերն էլ, գուցե ավելի նվազ չափով, շահագործում են տաճկահայ գրողներին։ Նույնը և Պարսկաստանում, գուցե և Ամերիկայում։ Սրա առաջը պետք