Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/312

Այս էջը հաստատված է

առնել ամեն տեղ։ Բայց ի՞նչպես առնենք, քանի որ մեր ժողովուրդն ապրում է զանազան պետությունների իշխանության տակ, իսկ ամեն մի պետություն իր օրենքն ունի, որ հարմարեցրած չի մեզ նման մի ցրված ժողովրդի վիճակին ու ցանկությանը։ Հենց պ. Մեֆիսթոն ասում է՝ «դժբախտություն մըն է, որ օրինապես ոչինչ կրնան ընել․ թուրք օրենքներն այդ մասին արգելք չեն դրած. հեղինակության իրավանց վերջին օրենքն ալ, որ վավերացավ սահմանադրության հաստատումեն աստին, սոսկ Թուրքիո սահմաններուն մեջ հրատարակված և Թուրքիո հպատակ հեղինակներուն գործերուն պաշտպանության միայն կծառայե»։ Մենք էլ կասենք․ դժբախտաբար այդպես է և Ռուսաստանում։ Հեղինակի իրավունքին վերաբերյալ ռուսական օրենքը ասում է․ «Օրենքը Ռուսաստանում ընդունում է հեղինակի իրավունքը միայն Ռուսաստանի սահմաններում տպված գրքերի վրա։ Արտասահմանում տպված գրքերի արտատպությունը տիրող օրենքով ճանաչվում է միանգամայն օրինավոր»։ Այսպես է, որքան ինձ է հայտնի։ Մի երեք տարի առաջ ռուսաց արդարադատության մինիստրը հեղինակի իրավունքի մասին նախագիծ ներկայացրեց Պետական Դումային՝ առաջարկելով թե՛ ռուսական, թե՛ օտար հեղինակների իրավունքը տարածել և արտասահմանյան տպագրությունների վրա. Ս<անկտ> Պ<ետեր>բուրգի ռուսաց գրական ընկերությունն էլ տվեց իր հավանությունը, բայց առաջարկը տակավին մնում է առաջարկ և, ինչպես մենք արտասահմանցիներին, այնպես էլ արտասահմանցիք մեզ, թեկուզ եղբայրներ, կարող ենք թալանել ինչքան ուզենանք։ Գործը մնում է մարդու խղճմտանքին ու ամոթին, ուրիշ խոսքով — բարոյական օրենքին։ Եվ այդ բարոյական օրենքը եթե երբևէ հարգվելու է տարբեր ժողովուրդների ու ազգերի կողմից, ևս առավել պարտադիր է լինելու միևնույն լեզվով խոսող, միևնույն գրականությունն ունեցող մի ժողովրդի, մի ազգի համար։ Այս բարոյական օրենքն է, որ մենք հաստատելու ենք մեր մեջ։ Այս բարոյական օրենքն է, որ ապահովելու է զանազան երկիրներում հայ գրողի, հայ գեղարվեստագետի