Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/314

Այս էջը հաստատված է

Վերմիշյանը մենակ է։ Մի քանի տասնյակ աշակերտ-աշակերտուհի ունի, դրանք էլ գրեթե բոլորը ձրի…

Ահա թե ինչո՛ւ հիացման հետ ունեցա խորին-խորին ցավի զգացումն։

Անապահով է այս գեղեցիկ դպրոցը։

Այո՛, մենք դեռ այս տեսակ գործերը գնահատող հասարակություն չունենք, բայց անհատներ ունենք։

Նրանք են խրախուսում այսպիսի ձեռնարկությունները։ Եվ ահա դեպքը։ Ահա թե ում պետք է խրախուսել և ինչ գործի պետք է ուժ տալ, որ զարգանա ու ծավալվի։

ՄԵԾ ԵՎ ԱՆՄԱՀ

Զատկի օրեր։ Տոնում ենք մեծ Արդարի վերջին օրերը ու հիշում ենք, թե ինչպես էին նրան մեղադրում ու հալածում ժողովրդի առաջնորդները՝ դպիրներն ու փարիսեցիները, աղաղակելով, թե նա հայհոյում է աստծուն ու ապստամբություն է քարոզում, ուզում է Հրեաստանի թագավորությունը վերականգնի, հիշում ենք, թե ինչպես նրան մի քանի արծաթի համար մտանեց իր բարեկամ ու մոտիկ մարդը, թե ինչպես եկան կանգնեցին սուտ վկաները, թե՝ այո՛, լսել են, որ նա հայհոյում է աստծուն, ու խոսում է Հռոմի կայսեր դեմ։ Հիշում ենք, թե ինչպես մութն ամբոխը առանց հասկանալու, թե բանն ինչումն է, «ի խաչ» էր գոռում և, որովհետև պետք էր մեկին ներել, պահանջում էր ավելի շուտ ներել ու ազատ թողնել Բարաբբայի նման արենկեր ավազակին, քան թե նրան, որին շատ շատերը չէին էլ տեսել… և վերջապես հիշում ենք դատավորին, որ պարզ տեսնելով նրա անմեղությունն ու արդարությունը, այսուամենայնիվ, բարոյական ուժ չունեցավ կանգնելու փարիսեցիների նենգամտության, վկաների ստորության, գոռացող ամբոխի մոլեգնության դեմ, չկարողացավ պաշտպանել արդարությունը ու միայն իր ձեռքերը լվալով տուն մտավ՝ թողնելով, որ խաչ հանեն նրան։

Մարդկանցից շատերը կարծում են՝ այս մի եզակի,