տեսակետներ… դե եկ ու ճշմարտությունը գտիր սրանց մեջ։
Անկարելի՜ է։
Եվ ահա նա խաչվում է ամեն տեղ աշխարհքում․ աշխարհքի ամեն անկյունում և մեր անկյունում ամեն օր, ամեն օր, ու ամեն օր մենք խաչելության հանդիսատես ենք կամ մասնակից։
Եվ դրա համար էլ նա Մեծ է ու Անմահ։
Ամեն տեղ, ամեն օր…
ԶԳՈՒՅՇ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ
Հերիք չի, որ հայոց գրականությունը ունի իր երդվյալ թշնամիները, որոնք իրենց փեշակ են շինել հայհոյել ու անվանարկել հայ գրողներին, կա և մի այլ անախորժ դեպք, երբ վշտացնում ու վիրավորում են նրանց առանց չար դիտավորության, մինչև անգամ բարեկամությունից ու սիրուց՝ հրապարակական քննության նյութ առնելով նրանց ապրուստն ու նյութական անապահովության խնդիրը։ Վիրավորական ու դատապարտելի մի սովորություն, կրկին պատճառներով․ առաջինը, որովհետև այդպես չի, երկրորդը, որ տգեղ է։
Այդ անապահովության անախորժ ողբերը հաճախանում են մանավանդ հոբելյանների ժամանակ։ Ահա նորից հոբելյան, նորից մեզ ծանոթ վիրավորական կարեկցությունները և նորից ստիպված ենք հիշեցնելու, թե՝ զգույշ եղեք։ Եթե դուք զալիս եք ողջունելու մի տաղանդավոր գրողի իր երեսուն տարվա գրական հոբելյանի օրը և գալիս եք ձեր դրամական ու այլ ձևի նվերներով, այդ հիրավի նրա համար հո չի, որ նա սոսկ մի անապահով մարդ է։ Եթե այդ լիներ պատճառը, էլ ինչո՞ւ օտարները գումարներ կնվիրաբերեին իրենց ունևոր գրողներին այդպիսի դեպքերում։ Բայց թողնենք օտարներին։ Այո՛, շատ ու շատ է ցանկալի, որ այդպիսի օրերը դրամականի խնդիրը չգար մեջտեղ, և ով ավելի շատ կցանկանար, որ այդպես լիներ, եթե ոչ հենց ինքը