Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/317

Այս էջը հաստատված է

գրողը։ Ամեն մինը, որ կարծում է, թե անհարմար մի բան կա, չգիտեմ ինչու կարծում է, թե միայն գրողն է, որ չի զգում այդ։ Գտեք ձեր գրականությունը պահելու և ձեր հարգանքն արտահայտելու հարմար ու վայելուչ ձևը։

Այդտեղ էլ հո գրողը չի մեղավոր, որ դուք չեք կարողանում գրականություն պահել կամ արժանավայել կերպով ցույց տալ ձեր հարգանքը։

Մտածում եք գրողի մասին, հոբելյան եք տոնում, չպետք է մոռանաք, որ նա զգալ գիտի, պետք է միշտ ի նկատի ունենաք նրա ինքնասիրությունը, նրա հոգու հպարտությունը, նրա սրտի քնքշությունը, այլապես կարող եք աղավաղել ու աղճատել այն, որ ամենասուրբն ու ամենանուրբն է նրա մեջ և որ ամենաթանկը պիտի լինի ձեզ համար։

Տողերիս գրելու առիթը տվեց «Тиф. листок»-ում տպած մեր սիրելի նկարիչ Գ․ Բաշինշաղյանի հոդվածը Շիրվանզադեի հոբելյանի առիթով, որի մեջ խոսում է վիպասանի նյութական կացության մասին, թեև բարեկամավարի ու սիրով, բայց և այնպես ծանր տպավորություն է անում։

Ցավում ենք մանավանդ, որ Բաշինջաղյանն է այդպես խոսում։

Զգույշ պետք է լինել։

ՆԱՂԱՇ ՀՈՎՆԱԹԱՆԸ ԵՎ ՆՐԱ,

ՔՈՒՉԱԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՈՒ ՍԱՑԱԹ-ՆՈՎԱՅԻ ՍԵՐԸ

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆ․― Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը։ Հրատ. Տիգրան-խան Քելեկյանի։ Ներսիսյան տպ․, Փարիզ, 1910, գինը 3 ֆր․։


Երբ ասում են, թե Ա․ Չոպանյանի ձեռքի տակից դուրս է եկել մի որևէ գիրք, ես միշտ երևակայում եմ սիրով ու խնամքով կատարած մի գործ, ճաշակով ու գեղեցիկ նույնիսկ գրքի շապիկն ու շապկի գույնը։ Էս տեսակ մի գիրք է և նրա «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը»։ Նաղաշ Հովնաթան և Հովնաթան Հովնաթանյան։ Պապն ու թոռը։ Պապը բանաստեղծ, թոռը՝ նկարիչ։