Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/33

Այս էջը հաստատված է

ստոր տեսակի հանցանքներ են, որի մեծ բաժինը թուրքերին է ընկնում։

Ահա ձեզ շոշափելի եզրակացություններ Բորչալվի տնտեսական և բարոյական դրությունից։

Բորչալվում, մանավանդ Լոռի, հաճախ կրկնվող կարկուտը, հացի պակասությունը գյուղացուն ճտահար խեղդել է պարտքի մեջ։ Սովը վաշխառու հարուստի ընկերն է։ Սովն աղքատ գյուղացուն տանում է վաշխառու եղբոր դուռը, և այս բավական է…

Թեկուզ մի մանեթ առնի գյուղացին — էլ չի պրծնելու յուր պարտքի տակից։ Զարմանալի խորամանկ են այդ վաշխառու հրեշները։ Մի օր յուր ժամանակին գյուղացին տանում է յուր պարտքը ետ տալու. «Տո ո՞վ ա քեզանից փող ուզում, տար բանացրու․ մի ուրիշ ժամանակ կունենաս կտաս, հիմի էս սհաթին ինչ ես վռազում, ուրիշ պակասություն կունենաս, տար քու պակասությանն արա…» այսպիսի սրտացավ բարեկամի նման վաշխառուն ետ է տալիս փողը գյուղացուն և անխիղճ տոկոսով, տոկոսը տոկոսին բարդում, մի քանի ամսում աննկատելի կերպով մեկ էլ տեսնում ես բանն այնտեղ է հասել, որ գյուղացու ունեցած չունեցածը վեր է գրում պարտքատերը։

Այսպիսի հրեշներին ժողովուրդը հաճախ «հայր» է անվանում։

Հիրավի, որդուն արժանի հայր։ Ինքը, ժողովուրդն էլ ոչնչով պակաս չի հորից։ Ընկած կլյավուզների և ինտրիգների ետևից։ Որ խոզարածի մոտ էլ որ գնաս զակոնի ստատյաների անունով է խոսում։ Տգետ, անտեղյակ օրենքներին, և սակայն շարունակ հանցանքների մեջ բռնված նա դեգերում է ադվակատի, խնդիր գրող, ճանապարհ ցույց տվող, գործն առաջ տանող չինովնիկների, աղաների և պիսերների դռներին։ Ամբողջ Բորչալուն լիքն է այդպիսի մեծ ու փոքր աղաներով ու մեծօլաններով։ Դրանց բոլորին―իրանց շռայլ ծախսերով―ժողովուրդն է պահում, այն ժողովուրդը, որ չի կարողանում ամոթն երեսին պահել յուր ընտանիքը։

Իրան անհայտ, անծանոթ օրենքի և դատաստանի առաջ կանգնած բորչալվեցին ինչ ուզեք կտա ազատվելու համար,