Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/338

Այս էջը հաստատված է

ունի, ավելի շատ бюст-ի։ Հենց գրքի մեջ, էջ 106, եթե չեմ սխալվում, միակ տեղը, որ բադան է գործ ածվում էն երգի մեջն է, որ գովում է Թիֆլիսի գեղեցկուհիներին։ Ասում է.

«Բադանըն լայն, մէջքըն բարակ»։


Կան նաև բառեր, որոնց նշանակությունը չեն իմացել ու դրել են հարցականով։ Օրինակ էջ 39 երգիչն ասում է.

«Ղեղաջ աչքով մտիկ անես,
Ծիծաղելով հոգոց հանես»։


Ծանոթության մեջ հարց է դրած՝ թերևս, շեղաչ, շեղահայաց։ Ո՛չ, միտքը ճիշտ է դուրս եկել, բայց շեղաչ չի, այլ ղեղաջ և հենց էդ իմաստն էլ ունի՝ շեղահայաց, ինչպես ասում են, աչքի պոչով նայելը։

Ղանաղան թարգմանել են արյուն թափող, արյան ծարավի և նույնպես հարցական են դրել։ Ղանաղան հենց էդպես էլ գործ է ածվում՝ արյան թշնամի։ Բանաստեղծն իր սիրուհուն ասում է, էջ 63.

«Ինձ հետ մի՛ կենալ ինչպէս ղանաղան...»։


Հարուշակ բառի բացատրությունը (էջ 92) գրած է հարիսայ դարձյալ հարցականով։ Հարուշակ կամ հրուշակ հալվան է։ Զոկերն էսօր էլ հրուշակ են ասում։

Սակայն էս և սրանց նման նկատողությունները գալիս են մի բան ասելու, որ հեշտ չի, ինչպես վերևն էլ ասինք, միանգամից անթերի վերականգնել մի գործ, որ աղավաղել ու աղճատել են հարյուրավոր ձեռքեր ու հարյուրավոր տարիներ։ Եվ, գիտակցելով էս ամեն դժվարությունները, լիասիրտ շնորհակալ պետք է լինենք պ․ Չոպանյանից, որ իրար ետևից մոռացության խավարից հանում է էս տեսակ գործեր ու դնում մեր առաջը, որ ճանաչենք մերը՝ ինչպես օտարներ...