Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/34

Այս էջը հաստատված է

թեև ազատվելը նրան ավելի թանկ է նստում։ Շատ անգամ մի որևէ անմեղ բանի համար պարտք են անում, ահագին փողեր մսխում, և դուք չեք կարող նրանց բան հասկացնել, այնքան կուրորեն հավատում են իրանց աղաներին ու մեծօլաններին։

Երեք տարի առաջ մի հայ «մեծօլան» լոռեցոնց հայտնել էր, թե ամեն մեկդ հարյուր մանեթ տվեք ինձ, բոլորիդ որդիքը ես ազատեմ զինվորակոչից։ Լոռուց զինվորակոչին կանչում են մի քանի հարյուր հոգի, և այդ մի քանի հարյուր հոգուց պետք է 10—15 զինվոր վերցնեն։

Հասնում է զինվորակոչի օրը։ Ամեն մի լոռեցի տղատեր հարյուր մանեթ է տանում տալիս աղին։ Անհնար է լինում համոզել այդ մարդկանց, թե բոլորին զինվոր չեն տանելու, մի քանիսին են տանելու, և թե՝ ում որ ընկնի նա չի կարող ազատվել, զուր են այդ փողերը տանում։

Չէ՜, ասում են ու տանում հարյուրանոցները։

Զինվորակոչն անցնում է։ Որոշյալ թվով ընկածներին տանում են, մյուսներին թողնում։ Ժողովուրդը առանձին շնորհակալոլթյուն է հայտնում աղային և նոր պատիվներ անում, որ իրանց տղերանցն ազատեց։ Ընկածների հայրերն էլ են շնորհակալություն անում աղին, իրանց մխիթարելով, թե «աղեն շատ չարչարվեց, ամա իրանց բախտը կտրեց ոչ»։

Հիմա եկեք տեսեք այս ժողովրդի տանուտերը, քյոխվեն, գյուղական դատավորը…, որոնք հրապարակում իրանց անհայտ զակոնի անունով են գոռգոռում, իսկ իրանց տներում գողերի հետ են խորհրդակցում, որոնք ոչ մի օրենք ու արդարություն չեն ճանաչում ու հասկանում, բացի կաշառքն ու մտրակը։

Որքան էլ արդար լինի մեկի բողոքը, կարող է ենթակա լինել տուգանքի ու ծեծի, եթե հակառակորդն առաջուց յուղ է քսել տանուտերի դնչին։

Կորչում է մեկի ձին, գողանում են անասունները և այլն։ «Ի՞նչ կտաս, որ ապրանքդ գտնեմ, հանեմ» առաջարկում է տանուտերը։ Ապրանքատերն, իհարկե, մի բան է տալիս, ինչ որ ուզում է տանուտերը, և, հիրավի, ապրանքն ետ է ստանում։

32