Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/341

Այս էջը հաստատված է

մեջ և հաստատում է, թե հիրավի, արևելյան արվեստը ունեցել է այդ ազդեցությունը։

Նա ասում է՝ հայկական ճարտարապետության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իր ոճով, իր մոտիվներով ազգակից է պարսկական ու ասորական ճարտարապետական արվեստին։ Այդ երևում է մանավանդ բազիլիկաներից, որոնք ասորական տիպի են և գոյություն ունեն բյուզանդական արվեստից շատ առաջ, և նրանց ամենաէական մի հատկությունից, մի գծից՝ պայտաձև կամարից, որ արաբներից 5—6 դար առաջ գործադրվում էր հայոց ճարտարապետության մեջ։ Նույնն է ցույց տալի և մանրանկարչության ուսումնասիրությունը։

Հ<այր> Գարեգինը հայկական մանրանկարչության զարգացումը բաժանում է երեք մեծ շրջանի։ Առաջին շրջանի՝ Մեծ Հայաստանի մանրանկարչությունը VI դարից մինչև XIII դ. նա գտնում է արևելյան՝ ավելի մոտ ասորականին և մասամբ կոպտականին (եգիպտական)։ Այդ բնավորությունը պահված է մինչև XIII դ. վերջերը, երբ թույլ կերպով սկսվում է բյուզանդականի ազդեցությունը։

Երկրորդը Կիլիկյան շրջանն է, որ ընդունում է բյուզանդական-արևմտյան և ավելի հեռավոր արևելյան արվեստի տարրեր և, այդ բոլորը միացնելով, ստեղծում է մի բարձր գեղարվեստ։

Երրորդը դարձյալ բուն Հայաստանումն է, երբ, թագավորության վերջանալուց հետո կաթողիկոսները Կիլիկիայից փոխադրվում են Մեծ Հայաստան։ Այս շրջանում նորից ծաղկում է մանրանկարչության արվեստը արդեն պարսից և արևմտյան, հատկապես իտալական ազդեցության տակ։ Բայց այս արդեն անկման շրջանն է։

Հ<այր> Գարեգինը այժմ այս վերին աստիճանի հետաքրքրական նյութի վրա դասախոսություններ է կարդում Թիֆլիսում և լուսաբանության համար ցույց է տալիս շատ գեղեցիկ զարդանկարներ և հայ թագավորների, թագուհիների, կաթողիկոսների, իշխանների, հին մատենագիրների ու նկարիչների պատկերներ, որ բնագրերից արտանկարել են նկարիչներ Թադեոսյանն ու Պոլտարացկին։