Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/342

Այս էջը հաստատված է

Թիֆլիսի հայ հասարակությունը պետք է գնա այս դասախոսություններին, որ պատմության մեջ նոր հորիզոններ են բաց անում իր համար և նոր փառք են ավելացնում իր հին փառքերին։

Հ<այր> Գարեգինը մտադիր է այս ամառ նկարչի հետ Երուսաղեմ անցնելու՝ այնտեղի հարուստ հայերեն ձեռագրերի նկարներն ուսումնասիրելու և արտագրելու։

Լիասիրտ հաջողություն ենք ցանկանում։

ՍԻՐԵԼԻ ՇԻՐՎԱՆ

Երկար տարիների ընթացքում շատ ուրախ ու տխուր օրեր ենք անցկացրել միասին։ Բայց այնպես է մեր կյանքն ու ճակատագիրը, որ ուրախության ժամանակ էլ չես իմանում՝ ուրախությունն է շատ, թե տխրությունը։ Հոբելյանի ժամանակ էլ չես իմանում՝ որն է ավելի շատ — ուրախությունը թե տխրությունը։ Սակայն այս ամենը չեն կարող ու չեն կարողացել ընկճել էն հոգին, որ կրում է իր մեջ աստվածային ուժն ու ստեղծագործական շնորհքը, ամենաբարձրը, ինչ որ կարող է աշխարհքում վիճակվել մահկանացուին։ Եվ բոլոր ծանր տպավորություններն ու դաժան դեպքերը դատարկ բաներ են այն չքնաղ գիտակցության հանդեպ, թե դու պաշտոն ես տանում գեղեցկին ու ճշմարտին, ու կյանքի բոլոր անախորժ գրերը ոչինչ են ոգևորության սրբազան վայրկյանի առաջ, որ ընդունակ է վայրկենաբար թոթափել այդ ամենը ու մարդուն միշտ վերածնել հավերժական ֆենիքսի նման։ Դու ունիս այս երջանկությունը։ Բայց բանաստեղծի այս գաղտնի երջանկության հետ միասին կա և մի այլ հզոր մխիթարություն մեր անհամբույր կյանքի մեջ, որ դու այնքան թանկ ես գնահատել, դա գրող-ընկերի վսեմ կապն ու անվերջ սերն է։ Եվ ահա այսօր, քո երեսուն տարվան սրբազան ժամերի ու ծանր օրերի հիշատակելի տոնին, գալիս եմ ընկերական ջերմ համբույրով։ Դարձյալ օրեր անց՝ կկացնենք միասին, շատ կլինեն այդ օրերը թե քիչ, չգիտեմ, ուրախ կլինեն թե տխուր, չգիտեմ, բայց միշտ քեզ հետ կլինի ընկերներիդ սիրող սիրտը։