Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/346

Այս էջը հաստատված է

Ռուսահայ ընտրելիներից տեղակալ Գեորգ սրբազանը և Պարզյան Սուքիաս սրբազանը հին դեմքեր են և, որքան էլ նրանց մասին քիչ լինի գրված, այնուամենայնիվ հասարակությունը լավ է ճանաչում նրանց թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Մնացած չորսը նորերից են։ Նրանցից էլ Բագրատ վարդապետի թեկնածությունը ներքին գործերի մինիստրի վերջին հրահանգով վերանում է մեջտեղից, որովհետև վարդապետ է, իսկ Խորեն սրբազանը, չնայելով իր համակրելի նկարագրին, այնքան է նոր ու երիտասարդ, որ նույնիսկ ինքը իր թեկնածությունը անհարմար է համարում այժմ, որքան վերահասու է տողերիս գրողը։ Հետևաբար ռուսահայ նոր հոգևորականներից մեջտեղը մնում են Մեսրոպ եպիսկոպոսը, որ Էջմիածնի Սինոդի անդամն է, և Կարապետ եպիսկոպոսը, որ վարում է Ատրպատականի առաջնորդությունը։ Սրանց էլ քիչ է ճանաչում մեծ հասարակությունը, ինչպես քիչ է ճանաչում տաճկահայ թեկնածուներից Դուրյան սրբազանին։ Լավ կաներ մամուլը, եթե իր ուշադրությունը կենտրոնացներ այս անձնավորությունների վրա և որքան կարող է ծանոթացներ ընտրող հասարակությանը, որովհետև հեշտ կարող է պատահել, որ ընտրությունների ժամանակ սրանք հանդիսանան կենտրոնական անձնավորություններ։

ՄԵԾ ՄՈԼՈՐԵՑՆՈՂԸ ԵՎ ԾԱՆՐ ՀԱՆՑԱՎՈՐԸ

Մեր հասարակական կյանքում հայտնի են երկու հոսանք, մինը պահպանողական կամ, ինչպես հաճախ անվանում են, կղերական, մյուսը հառաջադիմական կամ ազատամիտ։ Անխորհուրդ չի այս բաժանումն ու հորջորջումը և որքան ամեն մեկն էլ ընդհանուր առումով թույլ, անկազմ ու անկերպարան լինի, այսուամենայնիվ հանդիսանում է որոշ ուղղության, աշխարհայացքի, տրամադրության կրող ու արտահայտիչ։ Վերջին տասնամյակների ամեն մի հասարակական լուրջ խնդրի դեպքում սրանք միշտ իրար դեմ են դուրս եկել ու պայքարել առավել կամ նվազ սաստկությամբ։ Եվ ամենից շատ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ, երբ մինը եկեղեցական-հոգևորական կուռ