Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/352

Այս էջը հաստատված է

(«Մշակ» № 207)։ Եվ այսքանն էլ բավական է, որ սրան կաթողիկոս ընտրեն։ Նույն հունադավան եկեղեցին, նույն միության խոսքը և այսքան տարբեր հետևանքներ, թեև մեկն «ասում են, ասել է», իսկ մյուսը հաստատ փաստ է։

Սակայն այսքան օրինակները բավական էին ցույց տալու համար մարդը, «ճշմարտությունը պարզելու» խոստում անող մարդը, «անկուսակցականության» անունով երդվող մարդը, և շատ ծանր ու տխուր մտքեր են պաշարում ինձ։

Ես այլևս կաթողիկոսական ընտրության մասին չեմ մտածում և ոչ էլ այն է ինձ վշտացնում, թե շատ սովորական, հասարակ մահկանացուներ են եղած թեկնածուները ու լավ կաթողիկոսացուներ չկան մեջտեղը, այլ այն, որ լավ մարդիկ չեն երևում մեր կյանքում կամ շատ քիչ են երևում, իսկ վատերը շատ։ Եվ շատ են ոչ միայն խավար, գռեհիկ բազմության մեջ, այլև լուսավորված, ինտելիգենտ շրջաններում։ Եվ ահա նրանք հրապարակ են իջնում խոսելու կամ գործ տեսնելու, աշխարհքի դիմաց հանդիսավոր երդվում են ճշմարտության, անաչառության, վեհ գաղափարների անունով ու խաբում են լսողներին, մոլորեցնում են անաստված կերպով։ Եվ այդ ամենը նրա համար, որ տապալեն ու խորտակեն իրենց հակառակորդին։ Եվ տապալում ու խորտակում են, բայց ոչ թե իրենց հակառակորդին, այլ հավատը մարդկանց մեջ, հավատը դեպի մարդն ու մարդու ազնիվ խոսքը, դեպի գործիչն ու գործը, դեպի գրվածքն ու գրողը։ Եվ այս հազար անգամ ավելի լուրջ խնդիր է, քան թե ամեն մի կաթողիկոսական խնդիր։

Պ<արոն> Ե. Տեր-Մինասյանը իր հոդվածում ասում է, թե մեծ մոլորություն է ու ծանր հանցանք, եթե գովում ու առաջ են քաշում ոչ թե արժանավորին, այլ կուսակցության մարդուն։ Չէ՞ որ ինքը, պ. Ե. Տեր-Մինասյանը զարգացած ու հասկացող մարդ է և լավ է հասկանում, թե ինչ է անում ինքը։

Նա մի մեծ մոլորեցնող է և ծանր հանցավոր։