Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/354

Այս էջը հաստատված է

վիրավորված են ձևացել։ Մի շատ տգեղ սովորություն է սա, հարգելի պ. Կատոն, որից կկամենայի դուք Ձեզ ազատ հայտարարեք իմ վերևի հարցին պատասխանելով և ապա հանգիստ խղճով անցնեիք գործին։

ՊԱՏԱՍԽԱՆ Պ<ԱՐՈՆ> ԿԱՏՈՆԻՆ

Հարգելի պ. Կատոն. «Սուրհանդակ» թերթի № 408-ում տված ձեր պատասխանից երևում է, որ ձեզ իսկի դուր չի եկել իմ տված այն հարցը, թե արդյոք դո՞ւք եք նաև «Կ-ն», «Իրազեկ» և Ս. Չերքեզյանը։ Մի հարց, որ ես շատ գեղեցիկ եմ գտնում և շատ է հարկավոր, որ իմ հերթին կարողանամ ձեր հարցի պատասխանը տալ։

Դուք իմ հարցից խուսափելու, այլև ինձ շփոթելու համար պայման եք դնում, որ նախ և առաջ ես հայտնեմ թե խուզարկու ոստիկանության պաշտոն ունեմ։ Եվ սպասում եք, որ պիտի սարսափեմ։

Ընդհակառակը։ Դուք իսկի չեք սխալվում, պ. Կատոն, որ խուզարկուի պաշտոն ունեմ, բայց ոչ թե գաղտնի ոստիկանության, այլ այն ժողովրդի, որի բանաստեղծներից մինն եմ, և եթե կուզեք, նրանից էլ դուրս, մինչև ուր կկտրեն աչքերս ու կհասնի ձեռքս։ Եվ չեք սխալվում, եթե բացականչում եք՝ չգիտենք որտեղ է վերջանում բանաստեղծությունը և որտեղ է սկսվում գաղտնի խուզարկուի պաշտոնը։

Գրողները, բանաստեղծները միաժամանակ ոչ այլ ինչ են, եթե ոչ գաղտնի խուզարկուներ, որ ոչ միայն ձեր կեղծ անունները հրապարակ կբերեն, այլև ձեր կեղծ հոգին ու կեղծ մտքերը, որ ավելի խորն են ծածկված։

Այդ աստվածային գաղտնի խուզարկությունն է, որ հայտնագործում է մութը արարածների գաղտնի գործերը, աղաղակում է հրապարակում, և այդպիսով հսկում է բարոյական օրենքներին ու շատ նվիրական բաների՝ գաղտնի սրիկայությունների դեմ։

Գաղտնի խուզարկո՜ւ․․․

Գիտե՞ք, գաղտնի պարոն Կատոն, եվրոպական մեծ բանաստեղծներից