կամ հասարակական խուզարկուն ու բանաստեղծը միևնույն են, ապա այնքանն էլ պիտի հասկանաք, որ բանաստեղծը ընտրությամբ չի բանաստեղծ լինում և զուր եք նրա ընտրության հարցին սյունակներ նվիրել։ Ինչ վերաբերում է նրան, թե Պոլսի ցուցակի կամ, ավելի ճշմարիտը, ցուցակներից մեկի գլխին գրված է իմ անունը, թող դա էլ չխանգարի ձեր քունը։ Ամենից շատ հենց այդտեղ պիտի բավականություն պատճառեմ ձեզ։ Սակայն դուք հավատացնելով, թե իմ հարցերին ըստ էականին պատասխանելուց չեք խուսափում, այսուամենայնիվ, խուսափում եք ափաշկարա։ Ես սպասում եմ տակավին։ Այս խնդիրը ինձ համար չափազանց կարևոր ու ցավալի մի խնդիր է, գերազանցորեն հասարակական, եթե կուզեք՝ ազգային, միանգամայն ժամանակակից, և իսկի չի վերջանում ձեզանով։
Ղ. ԱՂԱՅԱՆԻ ԵՐԿԵՐԸ
Ղ. Աղայանի մահից հետո նրա անունով մի որևէ ֆոնդ հիմնելու առաջարկ արին զանազան տեղերից։ Եվ այս միտքը այնքան դուր եկավ մեր հասարակությանը, որ ոմանք շտապեցին նույնիսկ փող ուղարկել «Հորիզոնի» խմբագրությանը։
Ղ. Աղայանը իր կենդանության օրով մի բուռն ցանկություն ուներ՝ տեսնել իր ցրված գրվածքների լիակատար ժողովածուն։ Արդյոք չէ՞ր կարելի, թեկուզ ֆոնդի փոխարեն, այժմ հավաքել ու հրատարակել այդ ժողովածուն։ Եվ չէ՞ր կարող գործը իր վրա առնել Հայոց հրատարակչական ընկերությունը։
Գեղեցիկ գործ կլիներ կատարած հրատարակչական ընկերությունը և մանավանդ, Աղայանի սիրելի կյանքի վախճանի և նրա գրական գործունեության հիսնամյակին, մեծ համակրություն ու աջակցություն կգտներ հասարակության կողմից։