Հրապարակում հարց դրվեց, ներքին գործերի մինիստրությունը բացատրում է և կարգադրում, որ կաթողիկոսական ընտրության պատգամավորը պետք է ընտրված լինի իր թեմից, այն թեմից, որին պատկանում է ինքը։ Թիֆլիսի հայոց մամուլը, փոխանակ լուրջ այս խնդրով զբաղվելու, շարունակեց իր սիրած պրովակատորական գործը, անդադար գոռալով մին, թե «Հորիզոնի» խմբագրությունն է ուղարկել Պոլսի ցուցակը, մյուս անգամ, թե տեղակալն է ուղարկել, թեև իրենք են ասում, որ հաստատ լսել են Մանկունուց, թե ով է ուղարկել, և չեն քաշվում անվերջ անբարեհուսության կասկած գցելու այդ ցուցակի մարդկանց վրա, պարզ անվանելով «հորիզոնական» ու հեղափոխական, և հորդոր կարդալով այդ ցուցակի մեջ նշանակված մարդկանց, ընտրելու դեպքում, մերժել, այլապես…
Բայց պետք է կարդալ այդ թերթերը, պետք է կարդալ ու խորապես ցավելով համոզվել, թե ինչքան ցած ենք ընկած որպես մի ժողովուրդ, որ կարող է և այդպիսի գրողներ արտադրել և նրանց գրածները կարդացողները։ Սակայն անցնենք գործին։
Ռուսաց կառավարությունը, Կովկաս մտնելու օրից հոգացել է իմանալու, իմիջիայլոց, և այն, թե ինչ կարգով են ընտրվում ամենայն հայոց կաթողիկոսները, ինչ հնուց ավանդություններ կան այդ մասին և գրավոր ցուցմունքներ ու օրենքներ։ Այդ հարցը առանձին կարևորություն առավ ու արծարծվեց Եփրեմ կաթողիկոսից հետո Հովհաննես կաթողիկոսի ընտրության ժամանակ և նրա մահից հետո էլ Ներսես հինգերորդի ընտրության ժամանակ։
Թե՛ ներքին, թե՛ արտաքին գործերի մինիստրությունները տեղեկություններ հավաքեցին և մի պատմական հուշագիր կազմեցին (Историческая записка о Патриархах Армянского Престола в Эчмиадзине. Акты, Собр. Кавк. Арх. Комм.) այդ խնդիրը պարզելոլ և կարգի դնելու համար։