Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/362

Այս էջը հաստատված է

հետ դրված լիներ և «Հայոց պատմության» խնդիրը։ Մի «Հայոց պատմություն»։ Մի «Հայոց պատմություն» պետք է տալ այս ժողովրդին, որ նրան դատողը դատելիս կարողանա ծանոթանալ ու այնպես դատել, որ նրան պաշտպանողը պաշտպանելիս առաջ քաշի այդ պատմությունը և այնպես պաշտպանի, որ նա ինքը, պատասխանի կանչվելիս, բաց անի այդ պատմությունն ու այնտեղից հանի իր պատասխանը, որ ուրիշներն էլ ճանաչեն նրան, ինքն էլ ճանաչի իրեն։

Մի «Հայոց պատմություն»։

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴԸ

Մի քանի շաբաթ սրանից առաջ Պետերբուրգի հայ գաղութը, ուշադրության առնելով հայոց պատմագրության և հայագիտության խեղճ վիճակն ու մեծ կարևորությունը, խորհրդակցություն ունեցավ հայկ<ական> տպագր<ության> 400-ամյակին նախաձեռնել հիմնելու հայոց պատմագրության և հայագիտության ազգային ֆոնդ, որի նպատակը լինելու է.

Հավաքել, թարգմանել, ուսումնասիրել և հրատարակել.

1) Հայկական, հունական, հռովմեական, ասորական, պարսկական, արաբական, վրացական, ռուսական և այլ ազգերի պատմագիրների տեղեկությունները հայ ազգի մասին։

2) Ռուսական, տաճկական, պարսկական և այլ տերությունների պետական դիվանատներում-արխիվներում գտնվող հայոց պատմագր<ության> վերաբերյալ նյութերն ու դոկումենտները։

3) Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսության և Սսի ու Ախթամարի կաթողիկոսարանների, Պոլսի ու Երուսաղեմի պատրիարքարանների, այլև Հռովմի Վատիկանի և այլ հոգևոր իշխանությունների արխիվների հայոց պատմ<ությանը> վերաբերյալ դոկումենտներն ու նյութերը։

4) Էջմիածնի, Վենետիկի, Վիեննայի, Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի և այլ տեղերի թանգարանների ու մատենադարանների հայոց պատմ<ությանը> վերաբերյալ