հետ՝ թե առաջարկի խմբագրության և թե գործադրության միջոցի վերաբերմամբ վերջնական եզրակացության գալու և համազգային հանգանակություն բաց անելու համար։
Պետք է ասեմ, որ Պետերբուրգի խորհուրդը, ի միջի այլոց, արծարծեց Էջմիածնի ճեմարանի լսարանները Հայագիտության հայկական ակադեմիա դարձնելու և գրական ֆոնդն էլ պատմագրական կամ հայագիտական ֆոնդի հետ միաժամանակ դնելու խնդիրը, և այս խնդիրները ավելի պաշտպանություն գտան Մոսկվայի հայ ինտելիգենցիայի մի շրջանում, որը պատրաստվում է Մոսկվայի հայ գաղութը ժողովի հրավիրելու և Մոսկվայի հանձնաժողովն ընտրելու։
Անկասկած, հայոց տպագրության 400-ամյակի տոնի արտակարգ մեծ կուլտուրական խորհուրդն ու արժեքը, ձեռնարկած գործի ընդհանուր ազգային նշանակությունն ու կարևորությունը և ձեռնարկող մարդկանց հեղինակավորությունն ու լրջությունը, կենտրոնացնելու են այս գործի վրա ամեն տեղի հայ ժողովրդի ուշադրությունը, սերն ու ջերմ, միահամուռ աջակցությունը։
ՏԽՈՒՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
(Ղազարի մահվան տարեդարձին)
Ուղիղ մի տարի առաջ՝ մին էլ այսօր էր, որ նա դարձավ հիշողություն։ Մենք էլ հիշողություններ կգրենք։ Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր մարդկային ապիկարությանը ամենազոր մահվան հանդեպ։
Սակայն այսօր, նրա մահվան առաջին տարեդարձին ես այն չեմ պատմելու, թե ինչ զգացմունքով էինք կապված մենք կյանքում ու ինչ օրեր անցկացրինք, ոչ էլ նրանից եմ խոսելու, թե ինչ եղավ նրա մահն ինձ համար, այլ հիշատակելու եմ մի երկու տարօրինակ դեպք։ Տարօրինակ եմ ասում, որովհետև սովորաբար տարօրինակ են համարվում, թե չէ մենք այդ տեսակ դեպքերը ընդունում էինք որպես սովորական ու բնական երևույթներ։